ՄԱՐԶՎՈՒՄ ԵՆ ԲԱԴՄԻՆԹՈՆԻՍՏՆԵՐԸ

11:00 - 24 Հուն, 2020

Մեր երկրում գրանցում ունեցող  մարզաձևերի ներկայացուցիչների նման բադմինթոնիստները նույնպես որոշ ընդմիջումից հետո վերսկսել են իրենց պարապմունքները։ Հավաքականի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը զրույցի ժամանակ ասաց, որ առայժմ  ընդհանուր ֆիզպատրաստականությունը վերականգնող  վարժությունների վրա է շեշտը դրվում։

 - Մարզումների ընթացքը գոհացնում  է, - ասաց մասնագետը և շարունակեց, - իսկ ահա մասսայականությունը, մեղմ ասած, բավարար չէ։ Այդ հարցում  կարող են օգնել մարզական լրագրողները։ Վատ չի լինի գովազդել , հանրությանը տեղեկացնել, որ դիտարժան լինելուց բացի, մեր մարզաձևը նաև մեծապես նպաստում է մարդու սիրտանոթային և ընդհանուր շնչառական համակարգի առողջացման, զարգացման ու երկարակեցության գործին։ Ասածը փաստում են առողջապահության համակարգի մասնագետները։ Այս առումով գործնական քայլեր կատարել կարող են տեղական ինքնակառավարման մարմինները, քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներն ու մարզաշխատողները ․ ․ ․

Զրուցեցինք նաև բադմինթոնի հավաքականի  առաջատար Լիլիթ Պողոսյանի հետ։ Ասաց, որ աջ ոտքի աքիլեսյան ջիլը առանց վիրահատության ու  դեղամիջոցների միջամտության, արդեն բուժվել է։ Այդ գործում մարզուհին պարտական է   հայ-ամերիկյան մարզական բժշկության միության հիմնադիր, ամերիկահայ Նիկոլաս Թավուքչյանին։ Նա ինքն է  տեսակապով զրուցել, մանրամասն զննել երևանցու ոտնաթաթի շարժումները, ճիշտ ախտորոշել ,բուժական  հատուկ վարժություններ առաջադրել Լիլիթին։ Տեղեկացանք նաև, որ մեր հայրենակիցը քանիցս եղել է Հայաստանում, կազմակերպել սեմինար պարապմունքներ ու դասընթացներ։

Լիլիթը հպարտորեն ասաց նաև , որ իր խաղաոճով նմանվում է մեր երկրի բոլոր ժամանակների լավագույն բադմինթոնիստ հորաքրոջը՝ Վարդիթեր  Պողոսյանին։ Նա  զարմուհուն խորհուրդ է տվել  մասնավորապես  կիսադաշտի հետին գծից կատարվող վճռական հարվածները հզորացնել։

Երևանի Վ․Բրյուսովի անվան ինստիտուտի ժուռնալիստիկայի բաժնի շրջանավարտ Լիլիթը ցանկանում է օր առաջ մեկնել Դանիա, միանալ այնտեղ գործող բադմինթոնի միջազգային ակադեմիայի իր մարզընկերներին և  նրանց հետ շարունակել  պարապմունքները ․ ․ ․

Ճիշտ է, վնասվածքի  պատճառով գրեթե կես տարի բաց է թողել օլիմպիական վարկանիշային ավելի քան մեկ տասնյակ մրցաշարեր, բայց շատ է ուզում, որ առաջիկա ստուգատեսներում  հաջողության հասնի ու Հայաստանի օլիմպիական պատվիրակության կազմում մասնակցի Տոկիոյում 2021թ ․ կայանալիք համաշխարհային գլխավոր մարզահանդեսին։

 

Այլ նորություններ