ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՏՈԿԻՈ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՃԱՊՈՆԻԱ ․ ․ ․

18:47 - 08 Օգո, 2021

Տոկիոյի ազգային ստադիոնում  այսօր , օգոստոսի ութին,  տեղի ունեցավ  32-րդ ամառային օլիմպիական խաղերի փակման արարողությունը։ Այն, ինչպես նախատեսվում էր , անցկացվեց առանց հանդիսականների ներկայության։

Ստադիոն մտան մասնակից երկրների մեկական դրոշակակիր։Ինչպես բացման արարողության ժամանակ էր, այս անգամ  նույնպես,  ՀՀ դրոշը տանելու պատիվը տրված էր մեր անվանի բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովին ։ Ի դեպ, մեր բրոնզե մեդալակրի պարգևատրության արարողությունը տեղի է ունեցել այսօր։ Մեդալը ստանալուց հետո  մեր վարպետն ասել է, որ թեև ավելին էր սպասում, բայց  իր համար մեծ պատիվ է Հայաստանի համար բրոնզե մեդալ նվաճելը։

Այնուհետև ստադիոն հրավիրվեցին խաղերի  այն մասնակիցները,  ովքեր դեռևս Տոկիոյում են և նոր են ավարտել իրենց մրցելույթները։ Կանխարգելիչ միջոցառումների սահմանված կարգի համաձայն, մրցելույթներն ավարտած օլիմպիականները  մեկնում էին  Ճապոնիայից։

Կազմկոմիտեի նախագահ Սեյկո Հաշիմոտոն հայտնել է, որ ընդհանուր առմամբ քովիդով հիվանդ  19 մասնակից  էր  ժամանել Ճապոնիա , որոնք զրկվել են ստուգատեսում հանդես գալու իրավունքից։

Արարողությունն  ուղեկցվեց գեղեցիկ լուսային շոուով, ներկայացվեց մարզամշակութային ծրագիր։

Տեղի ունեցավ  կանանց և տղամարդկանց  մարաթոնյան վազքի մեդալակիրների պարգևատրության արարողությունը։

Հատուկ շնորհակալություն  հայտնվեց կամավորականներին։

ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը օլիմպիական դրոշը հանձնեց Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոյին։ Ինչպես հայտնի  է,  հաջորդ ամառային մարզահանդեսը կանցկացվի Ֆրանսիայի մայրաքաղաքում ՝ 2024թ․։

 

Հնչեց Ֆրանսիայի պետական օրհներգը և ներկայացվեց   33 –րդ ամառային օլիմպիական  խաղերը  խորհրդանշող  գեղեցիկ տեսաժապավենը։

Եույթ ունեցան  << Տոկիո – 2020 >> կազմկոմիտեի նախագահ Սեյկո  Հաշիմոտոն և ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը։ Վերջինն  ասաց ,որ Տոկիոյի օլիմպիական խաղերը հույսի և խաղաղության խաղերն էին: Շնորհակալություն Տոկիո, շնորհակալություն Ճապոնիա, շնորհակալություն կամավորականներ, -  ասաց Բախը  և  խաղերը  հայտարարեց փակված։

Տոկիոյի ազգային մարզադաշտում մարեց օլիմպիական կրակը և խաղերի էստաֆետը հանձնվեց պարալիմպիկի մասնակիցներին։

 

 

 

 

 

 

 

 

Այլ նորություններ