Գեղասահորդ Էլաջ Բալդեն վարպետության դաս անցկացրեց գեղասահքի մարզադպրոցի սաների հետ

18:00 - 02 Մար, 2016

Գեղասահքի Կանադայի հավաքականի անդամ Էլաջ Բալդեն և Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի մենեջեր Արի Զաքարյանը վարպետության դաս անցկացրեցին Երևանի Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի մարզադպրոցի սաների հետ:

Երևանում կայանալիք «Սառույցի թագավորները» շոու-ծրագրի շրջանակներում այս օրերին Հայաստանում է նաև Էլաջ Բալդեն, ով մեծ տպավորություններ ստացավ դեռևս մեկ ամիս մարզվող երեխաներից: «Մեծ ձեռքբերում է այն, որ սահադաշտ ունեք: Երեխաները մեկ ամիս է, ինչ սահում են և հաշվի առնելով այդ ամենը՝ ես իսկապես տպավորված եմ»,-լրագրողների հետ զրույցում փաստեց Բալդեն:

Օլիմպիական խաղերի կրկնակի, աշխարհի առաջնության եռակի, Եվրոպայի առաջնության բազմակի չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոյի «Սառույցի թագավորները» շոու-ծրագրի կազմակերպիչ Արի Զաքարյանը հույս հայտնեց որ բացի Էլաջ Բալդենից ապագայում ևս աշխարհահռչակ մարզիկներ վարպետության դասեր կանցկացնեն հայ երեխաների հետ: «Մարտի 5-ին կկայանալիք «Սառույցի թագավորները» շոու-ծրագրի համար Հայաստան է ժամանել նաև Էլաջ Բալդեն: Բացի նրանից շոուին կմասնկցեն հայտնի այլ հայեր: Գեղասահքի Հայաստանի հավաքականի անդամներ Անաստասիա Գալուսյանը և Սլավիկ Հայրապետյանը ևս կմասնակցեն այդ ծրագրին»,-ասաց Զաքարյանը:

Վերջինս շեշտեց նաև, որ աշխարհի առաջնության ավարտից հետո գեղասահքի մարզադպրոց կժամանեն հայտնի այլ գեղասահորդներ:

«Սառույցի թագավորները» շոու-ծրագիրը կկայանա մարտի 5-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Լուսանկարներն` այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ