Grenke Сhess Сlassic. Լեւոն Արոնյանը միավորը կիսեց 14-ամյա Վինսենտ Կեյմերի հետ

00:01 - 27 Ապր, 2019

Գերմանիայում շարունակվող Grenke Сhess Сlassic մրցաշարում հանգստյան օրվանից հետո ապրիլի 26-ին տեղի ունեցավ 6-րդ տուրը: Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով 52-րդ քայլում խաղաղ դաշն կնքեց 14-ամյա գերմանացի Վինսենտ Կեյմերի հետ, որը պարտություն էր կրել նախորդ 5 պարտիաներից չորսում:

Հաղթող չեղավ նաեւ Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա) եւ Ֆրանսիսկո Վալյեխո (Իսպանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) պարտիաներում: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենը (Նորվեգիա) սեւերով ուժեղ գտնվեց Գեորգ Մեյերից (Գերմանիա), իսկ Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) պարտվեց Արկադի Նայդիչին (Ադրբեջան):

 6-րդ տուրից հետո Լեւոն Արոնյանն ունի 3.5 միավոր եւ բաժանում է 2-7-րդ տեղերը, իսկ միանձնյա առաջատարն է ՖԻԴԵ-ի դասակարգման առաջին համար Մագնուս Կարլսենը, որը հավաքել է 4.5 միավոր: Նախորդ 5 տուրերում հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Արկադի Նայդիչի, Գեորգ Մեյերի, Ֆրանսիսկո Վալյեխոյի եւ Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ, ինչպես նաեւ հաղթել էր Պյոտր Սվիդլերին:

Ապրիլի 27-ին կայանալիք 7-րդ տուրում Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի Մագնուս Կարլսենի հետ:

Հիշեցնենք, որ Լեւոն Արոնյանը Grenke Сhess Сlassic-ի հաղթողի կոչումը նվաճել է 2017 թվականին:

Այլ նորություններ