Վոլոդյա Ֆրանգուլյանը` Յաշար Դոգուի մրցաշարի բրոնզե մեդալակիր

23:05 - 11 Մար, 2017

Ստամբուլում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Յաշար Դոգուի 45-րդ միջազգային մրցաշարում այսօր Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամ մտավ մրցագորգ: Վոլոդյա Ֆրանգուլյանը 61 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ նվաճեց, իսկ 74 կգ քաշայիններ Գրիգոր Գրիգորյանը եւ Վարուժան Կոջոյանը երրորդ տեղի համար գոտեմարտերում ձեռքից բաց թողեց հնարավորությունը :

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը Ստամբուլից ՀԱՕԿ լրատվականին տեղեկացրեց, որ այսօրվա արդյունքներից այնքան էլ գոհ չէ, սակայն ըմբիշների վարած գոտեմարտերից ընդհանուր առմամբ բավարարված է.

«Բոլորն էլ ավելի բարձր տեղ զբաղեցնելու հնարավորություն ունեին: Ֆրանգուլյանը կարող էր եզրափակչում լինել, Գրիգորյանը բրոնզի համար գոտեմարտում հաղթում էր 8:0 հաշվով, սակայն ի վերջո պարտվեց: Կոջոյանը նույնպես արժանի էր երրորդ տեղի, իսկ 125 կգ քաշային կարգում Անդրանիկ Գալստյանը կարող էր բրոնզի համար պայքարելու իրավունք նվաճել», - ասաց Արմեն Մկրտչյանը:

Վաղը մրցաշարի վերջին օրն է: Մեր հավաքականից պայքարի մեջ մտնելու են 65 կգ քաշային Նարեկ Սիրունյանը, 86 կգ Վահե Թամրազյանը եւ 97 կգ քաշայիններ Գեորգի Կետուեւն ու Շամիր Աթյանը:

Այլ նորություններ