Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականն այսօր Երեւանում մեկնարկում է աշխարհի առաջնության ընտրական փուլում

17:12 - 02 Օգո, 2017

Այսօր, ժամը 20:00-ին, բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը ԿԱ ՊԵԿ մարզահամալիրում (նախկին «Միկա» մարզադահլիճ) անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ հանդես կգա աշխարհի պաշտոնական առաջնությունում՝ ընտրական փուլում հյուրընկալելով  Սլովակիայի հավաքականին:

Այս իրավունքը մեր հավաքականը նվաճել է անցած տարի Մոլդովայում «C» դիվիզիոնում հաղթելու շնորհիվ: Ու  թեեւ մեր խմբում հզոր թիմեր են՝ Բոսնիա եւ Հերցեգովինա, Շվեդիա, Սլովակիա, սակայն մեր հավաքականն էլ համալրված է բավականին ուժեղ եւ փորձառու բասկետբոլիստներով, որոնց մարզում է Եվրոպայի 20 լավագույն մարզիչներից մեկը՝ Նիկշա Բավցեւիչը, մասնագետ, որի ղեկավարած հավաքականներն ու ակումբային թիմերը մշտապես լուրջ ձեռքբերումներ են արձանագրել:

Մեր ազգային հավաքականը տրամադրված է ճակատամարտ տալ հեղինակավոր մրցակիցներին, որի համար շատ մեծ է նաեւ հանդիսատեսի ջերմ աջակցությունը մեր տղաներին:

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ մուտքը «Միկա» մարզադահլիճ ազատ է:

Այլ նորություններ