ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանն ամփոփեց Փարիզում կայացած աշխարհի առաջնությունում հանդես եկած իր սաների մրցելույթների արդյունքները.
«Արդյունքը նորմալ է: Ես հատուկ մեդալ չէի ակնկալում: Ցանկանում էի, որ նրանք գոտեմարտեն ամբողջ ուժով, մինչեւ վերջ: Այդ ժամանակ էլ մեդալներ կլինեն:
Գարիկ Բարսեղյանից, Վալոդյա Ֆրանգուլյանից եւ Գրիգոր Գրիգորյանից ավելին էի սպասում: Նրանք կարող էին պայքարել մրցանակային տեղերի համար, ընդհուպ մինչեւ եզրափակիչ: Բայց սա սպորտ է: Չեմ կարծում, որ նրանց ինչ-որ բան խանգարեց: Պարզապես չստացվեց: Կարծում եմ, մարզական բախտը դեռ կժպտա նրանց:
Հիմա տղաները տասնօրյա հանգիստ կունենան: Այնուհետեւ կնախապատրաստվենք Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարին, որը կանցկացվի հոկտեմբերի 6-ից 8-ը Վանաձորում: Հանդես կգանք ընդլայնված կազմով, այդ թվում հավաքականի առաջին համարներով: Գեորգի Կետոեւի եւ Լեւան Բերիանիձեի մասնակցության հարցը պարզ կդառնա 10-ից 15 օր հետո»,-ասաց Հաբեթնակ Կուրղինյանը: