Գագիկ Ծառուկյանը ներկա գտնվեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությանը

16:16 - 02 Դեկ, 2017

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր ներկա գտնվեց Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկությունը։ ՀԱՕԿ նախագահը հետեւեց տղամարդկանց օդամղիչ հրացան մրցաձեւի եզրափակչին։

Մրցումից հետո Գագիկ Ծառուկյանը զրուցեց մրցանակակիր հրաձիգների հետ։ Նա հաջողություն ցանկացավ մարզիկներին առաջիկա մրցաշարերում։ Գագիկ Ծառուկյանը ոգեւորեց պատանի հրաձիգներին, որոնք փորձելու են 2018 թ. Բուենոս Այրեսի օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերել։

Հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը լրագրողների հետ զրույցում բարձր գնահատեց ՀԱՕԿ-ի ավանդը հրաձգության մեջ.

«Պարոն Ծառուկյանի ներկայությունն արդեն իսկ մարզիկներին պարտավորեցնում է բարձր արդյունքներ ցույց տալ։ ՀԱՕԿ նախագահը հաճախ է ներկա լինում մեր մրցաշարերին։ Գագիկ Ծառուկյանը, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը մեզ շատ են օգնել։ Հույս ունեմ, որ պարոն Ծառուկյանը կշարունակի միջոցներ հատկացնել, որը կնպաստի հրաձգության զարգացմանը»,- ասաց Սեյրան Նիկողոսյանը։

Մրցմանը ներկա էին նաեւ ՀԱՕԿ գլխավոր քարտուղար, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։

Այլ նորություններ