Փետրվարի 25-ին Էջմիածնում անցկացվեց թաեքվոնդոյի երիտասարդների (մինչեւ 17) Հայաստանի առաջնությունը: Ավելի քան 50 մարզիկ Երեւանից, հանրապետության մարզերից եւ Արցախից մրցեց 9 քաշային կարգերում:
Չեմպիոններ դարձան. Ավետիք Սամվելյան (45 կգ), Սարգիս Մուրադյան (48 կգ), Ռաֆայել Սարգսյան (51 կգ), Արման Մինասյան (55 կգ), Դավիթ Թորոսյան (59 կգ), Էդգար Գեւորգյան (63 կգ), Սարգիս Սարգսյան (68 կգ), Անդրանիկ Խաչատրյան (73 կգ), Անդրանիկ Եդիգարյան (78+ կգ):
Առաջնության արդյունքներով կձեւավորվի հավաքական թիմ, որը ավագ մարզիչ Զորայր Մեկինյանի գլխավորությամբ կսկսի պատրաստվել Թունիսում (ապրիլի 6-8) կայանալիք աշխարհի առաջնությանը: Դրանից մի քանի օր անց նույն վայրում կմեկնարկի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար: Օլիմպիական վարկանիշ նվաճելու համար պետք է անցնել ընտրական մրցաշարի քառորդ եզրափակիչ: Յուրաքանչյուր երկիր առավելագույնը 3 օլիմպիական ուղեգրի իրավունք ունի:
Էջմիածնում կայացած առաջնությունում 63 կգ քաշային կարգում վնասվածքի պատճառով հանդես չեկավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Ռոման Հայրապետովը: Մարտի 7-ին նա եւ Հայաստանի առաջնության հաղթող Էդգար Գեւորգյանը կպայքարեն Թունիս մեկնելու իրավունքի համար: