Վազգեն Թեւանյանը (65 կգ) նվաճեց Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 8-ին մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնության եզրափակիչի ուղեգիր։
Հայաստանի ներկայացուցիչը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 8:6 հաշվով հաղթեց Ֆրանսիան ներկայացնող Իլման Մուխտարովին: Քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը 17:4 հաշվով ուժեղ գտնվեց թուրք Սելիմ Կոզմանից, իսկ կիսաեզրափակիչում պարտության մատնեց մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին՝ 2:1: Մարտի 9-ին կայանալիք եզրափակիչում Թեւանյանը կգոտեմարտի վրացի Էդեմի Բոլկվաձեի հետ։
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնության առաջին օրը Հայաստանի երիտասարդական հավաքականն ուներ եւս 2 ներկայացուցիչ: Վաղինակ Մաթեւոյանը (57 կգ) մեկնարկեց քառորդ եզրափակիչից եւ 1:3 հաշվով պարտվեց վրացի Ռոբերտի Դինգաշվիլիին, իսկ Գեւորգ Մխեյանը (70 կգ) որակավորման փուլում հաղթանակով մեկնարկելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվեց մոլդովացի Վասիլի Դյակոնին՝ 3:10: Մաթեւոյանին ու Մխեյանին հաղթած ըմբիշներին չհաջողվեց հասնել եզրափակիչ, ինչից հետո Հայաստանի ներկայացուցիչները զրկվեցին բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ Նովի Սադում հանդես կգան նաեւ Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Խաչատուր Պապիկյանը (74 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ):
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ-23 առաջնությունում: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայ ըմբիշը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից եւ բելառուս Ալեքսանդր Պեչուրենկայի (9:0), թուրք Աբդուլահ Տոպրակի (10:1) ու ուկրաինացի Ալեքսանդր Հրյուշինի (13:4) նկատմամբ վստահ հաղթանակներից հետո դուրս էր եկել եզրափակիչ: Ոսկե մեդալը Սլավիկ Գալստյանը վիճարկել էր վրացի Լեւանի Կավյարադաձեի հետ եւ լարված պայքարում պարտվել 8։10 հաշվով։ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) մամուլի ծառայությունն այդ գոտեմարտը որակել է «թրիլերային»: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել երկրորդ գոտեմարտերում: Հրանտ Կալաչյանին ու Դավիթ Օվասապյանին հաղթած ըմբիշները նվաճել էին եզրափակիչի ուղեգիր, ինչից հետո Հայաստանի ներկայացուցիչները հնարավորություն էին ստացել պայքարել բրոնզե մեդալի համար, սակայն պարտություն էին կրել սփոփիչ գոտեմարտերում: