Բուխարեստ-2019․ Ասլանյանն ու Կալաչյանը շարունակում են պայքարը

15:03 - 14 Ապր, 2019

Բուխարեստում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը մոտենում է ավարտին:

Այսօր՝ վերջին մրցումային օրը, գորգ դուրս կգան 60, 67, 72, 82 և 97 կգ քաշային ըմբիշները՝ եզրափակիչ և սփոփիչ գոտեմարտերի համար:

Երեկ՝ նախնական գոտեմարտերում Հայաստանը ներկայացուցիչ ուներ բոլոր 5 քաշային կարգերում:

60 կգ քաշային կարգում Գևորգ Ղարիբյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչում, որտեղ նրա մրցակիցը ուկրաինացի Լենուր Թեմիրովն էր: Գևորգը 1 միավորի տարբերությամբ 5:6 հաշվով զիջեց մրցակցին, հետագայում ուկրաինացին նույնպես պարտվեց, ուստի Գևորգը դուրս մնաց բրոնզե մեդալի համար պայքարից:

67 կգ քաշային կարգում որակավորման փուլում Կարեն Ասլանյանի մրցակիցը Լեհաստանը ներկայացնող Գևորգ Սահակյանն էր: Լարված գոտեմարտ ստացվեց, և ըմբիշները չկարողացան հնարք կատարել, սակայն զգուշացումներով՝ 0:4 հաշվով, Կարենը պարտվեց Գևորգին: Հետագայում Սահակյանը հասավ եզրափակիչ, ինչը հնարավորություն տվեց Ասլանյանին շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար: Առաջին սփոփիչ գոտեմարտում Ասլանյանի մրցակիցը կլինի Յարասլով Կարդաշը Բելառուսից։ Եթե Ասլանյանը հաղթի նրան, ապա 2-րդ սփոփիչ գոտեմարտում կհանդիպի Կոնստանտին Ստասին Բուլղարիայից։ Բուլղարացի ըմբիշի արգելքը հաղթահարելու դեպքում 3-րդ տեղի համար կգոտեմարտի սերբ Մատե Նեմեշի հետ:

72 կգ քաշային Հրանտ Կալաչյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից և տուշեով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Աբույազիդ Մանցիգովին: Ռուս ըմբիշը հասավ մինչև եզրափակիչ, ինչը Կալաչյանին հնարավորություն տվեց պայքարը շարունակել: Սփոփիչ գոտեմարտում Կալաչյանի մրցակիցը կլինի հունգարացի Ռոբերտ Ֆրիտչը, նրան հաղթելու դեպքում հայ ըմբիշը 3-րդ տեղի համար կգոտեմարտի Դոմինիկ Էտլինգերի հետ՝ Խորվաթիա:

82 կգ քաշային Սարգիս Քոչարյանը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից, որտեղ ժամանակից շուտ 0:8 հաշվով զիջեց Ալեքսանդր Կոմարովին՝ Ռուսաստան։ Ռուս ըմբիշը նույնպես պարտվեց, ուստի Քոչարյանը չի կարողանա պայքարել բրոնզե մեդալի համար:

97 կգ քաշային կարգում Արթուր Շահինյանը պայքարը սկսեց որակավորման փուլից և 0:4 հաշվով հաղթեց շվեդ Պոնտուս Լունդին, 1/8 եզրափակչում Շահինյանի մրցակիցը ադրբեջանցի Օրխան Նուրիևն էր, ում հայ ըմբիշը զիջեց 0:3 հաշվով։ Նուրիևը քառորդ եզրափակչում պարտվեց բուլղարացի ըմբիշին, Շահինյանն էլ զրկվեց բրոնզի մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Հիշեցնենք, որ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականները առայժմ 2 մեդալ են նվաճել:

Ազատոճային 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ հունահռոմեական 77 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը բրոնզե մեդալ է նվաճել:

Այլ նորություններ