Ամերիկյան ակումբի հետ հանդիպումը կարող էր այլ ելք ունենալ. Արայիկ Բաղդադյան

17:23 - 30 Նոյ, 2015

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը ՀԱՕԿ լրատվությանի հետ զրույցում ամփոփեց աշխարհի ակումբային առաջնությունը:

«Վիճակահանության արդյունքում Բուլղարիայի, Ղրղզստանի և Վրաստանի ակումբների հետ հայտնվել էինք «C» խմբում: Հաջորդ փուլ էին դուրս գալիս միայն առաջին տեղ գրաված ակումբները: Առավելության հասանք ղրղզների, բուլղարների և վրացիների նկատմամբ: Վերջիններիս հետ հանդիպումներն ավարտվել էին 4:4 հաշվով, սակայն մենք միավորների բացահայտ առավելություն ունեինք և խմբից դուրս եկանք առաջին տեղով: Կիսաեզրափակչում ամերիկյան ակումբին պարտվեցինք 6:2 հաշվով, բայց ընդհանուր հաշիվը կարող էր այլ լինել: Բանն այն է, որ 57 կգ քաշային Գառնիկ Մնացականյանը հաղթում էր ամերիկացի ըմբիշին 6:2 հաշվով, բայց անակնկալ կերպով պարտվեց: Ցավալի վնասվածք ստացավ 70 կգ քաշային Վալտեր Մարգարյանը, ով երեք գեղեցիկ հաղթանակ տոնելուց հետո` վնասեց ձեռքը, և մենք ստիպված եղանք հանել նրան հետագա պայքարից: Այդ պատճառով էլ պարտություն գրանցվեց 70 կգ քաշում: Բրոնզե մեդալի համար պայքարում պարտվեցինք 1:7 հաշվով «Քեֆայաթի»-ին: Միակ հաղթանակը տարավ Գառնիկ Մնացականյանը: Ինչ վերաբերում է մարզիկների ելույթներին` գոհ եմ Գառնիկ Մնացականյանից (57 կգ), Վալտեր Մարգարյանից (70 կգ) և Վալոդյա Ֆրանգուլյանից (65 կգ): Դժգոհ եմ Երվանդ Թադևոսյանից (61 կգ) և Վարուժան Կաջոյանից (74 կգ): Մյուս ըմբիշների ելույթները նորմալ եմ գնահատում»,- ասաց Բաղդադյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի ակումբային առաջնությանը, որը կայացել էր նոյեմբերի 26-27-ը, մասնակցում էին 15 ակումբ` Ադրբեջանից, ԱՄՆ-ից, Բանգլադեշից, Բրազիլիայից, Բուլղարիայից, Հայաստանից, Հունգարիայից , Ղրղզստանից, Մոնղոլիայից, Վրաստանից, Լատինական Ամերիկայից և չորս թիմ Իրանից: Հայաստանը ներկայացնող «Տաշիր» ակումբը բրոնզե մեդալի համար պայքարում պարտվել էր իրանական «Քեֆայաթի»-ին:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ