Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կարծում է, որ Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան պետք է հստակ քայլերի դիմի ըմբիշների յուղման դեմ: Ըստ մասնագետի՝ այս չարիքը խանգարում է մաքուր պայքարին, և ժամանակն է՝ խոսքից գործի անցնել:
Մասնագետը ՀԱՕԿ պաշտոնական կայքի հետ զրույցում ամփոփել է Եվրոպական խաղերը:
«97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանի առաջին երկու գոտեմարտերը մի փոքր ծանր ստացվեցին: Իմ կարծիքով՝ դա մրցումային դադարի հետ էր կապված: Սակայն տեսաք, որ գոտեմարտ առ գոտեմարտ Արթուրն ավելացնում էր և շատ որակով գոտեմարտեր անցկացրեց, հատկապես եզրափակչում, որտեղ ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին: Կարապետ Չալյանը ևս շատ լավ գոտեմարտեր անցկացրեց: Ճիշտ է՝ այդ քաշային կարգում հիմնական մրցակիցները չէին մասնակցում, սակայն այս պարագայում էլ շատ լավ մասնակցեց և դարձավ արծաթե մեդալակիր: 60 կգ քաշային կարգում հանդես եկած Արմեն Մելիքյանից դժգոհ եմ, ինչպես նաև սպասելիքներ ունեինք Մաքսիմ Մանուկյանից, որն իրեն չարդարացրեց: Ինչ վերաբերում է 67 կգ քաշային կարգում հանդես եկած Կարեն Ասլանյանին՝ կիսաեզրափակչում նրա մրցակցի՝ վրացի ըմբիշի մարմինը յուղված էր: Այս մասին անընդհատ խոսվում է: Շատ բողոքներ են ներկացվում ըմբշամարտի միջազգային ֆեդերացիային այս հարցով, նրանք էլ այժմ փորձում են նոր տեխնոլոգիա գտնել, մշակել, որպեսզի այս հարցին վերջնական լուծում տան: Այս պարագայում արդար մրցակցության մասին խոսք լինել չի կարող: Այս մեթոդը տարիներ ի վեր կիրառվել է ըմբիշների կողմից, ժամանակն եկել է՝ խոսքից գործի անցնելուն և վերացնելու այս «չարիքը»: Երրորդ տեղի համար պայքարում Կարենը անարդար մրցավարության զոհ դարձավ: Գոտեմարտի հաջորդ օրը մենք խոսել ենք խաղերի մրցավարական անձնակազմի ղեկավարի հետ: Նա ասաց, որ իրենք էլ են զգացել իրենց սխալները: Սակայն տեսնում եք, որ առ այսօր միայն խոսքեր ենք լսել: Ընդհանուր առմամբ՝ լավ մասնակցություն էր: 5 մասնակիցների մեջ ունեցանք ոսկե և արծաթե մեդալներ, կորցրինք բրոնզե մեդալը»,-եզրափակել է մասնագետը: