Մ-23 ԱԱ. Արմեն Մելիքյանը՝ ոսկե մեդալակիր

21:30 - 03 Նոյ, 2019

Արմեն Մելիքյանը (60 կգ) ոսկե մեդալակիր դարձավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում:

Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 11:7 հաշվով հաղթեց Ղրղզստանի ներկայացուցիչ Ժոլաման Շարշենբեկովին:

Արմեն Մելիքյանը պայքարը սկսել էր նոյեմբերի 2-ին և եզրափակիչի ճանապարհին հաղթել էր բուլղարացի Մարտին Վելևին (8։0), իրանցի Մեհդի Մոհսենին (4։0) ու հունգարացի Կրիստիան Կեչսկեմետիին (5։0):

Արման Վարդումյանը (82 կգ) նոյեմբերի 3-ին միակ սփոփիչ գոտեմարտում 10։6 հաշվով հաղթեց Թուրքմենստանի ներկայացուցիչ Տոյլի Օրազովին, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում ժամանակից շուտ պարտվեց ղազախ Եվգենի Պոլիվադովին՝ 7:16:

Հայաստանի թիմը Մ-23 ԱԱ-ում ելույթն ավարտեց 1 ոսկե և մեկ բրոնզե մեդալով: Նոյեմբերի 2-ին բրոնզե մեդալակիր էր դարձել Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականի կազմում Բուդապեշտում հանդես եկան նաև Նորայր Հախոյանը (55 կգ), Հայկ Մելիքյանը (67 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ), Վահե Պողոսյանը (77 կգ) և Ալբերտ Եղիկյանը (87 կգ), որոնք մեդալ չնվաճեցին: Նորայր Հախոյանը պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում: 

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը ԱԱ-ին մասնակցել էր 9 ըմբիշով և ելույթն ավարտել էր առանց մեդալի:

Այլ նորություններ