Մերդինյանը և Դավթյանը հատուկ ծրագրով են մարզվում. Հակոբ Սերոբյան

11:12 - 21 Հուն, 2016

Հայ մարմնամարզիկներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Ծաղկաձորում: Ինչպես 2015-ին, այնպես էլ այս տարի, մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջին հավաքն ուղղված է ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանը:

 «Արդեն երկրորդ տարին է, ինչ Հայաստանի ազգային Օլիմպիական կոմիտեի աջակցությամբ ուսումնամարզական հավաք ենք անցկացնում Ծաղկաձորում, որի համար մեր երախտագիտությունն ենք հայտնում ՀԱՕԿ-ին: Անցած տարվա փորձը ցույց տվեց, որ ընդհանուր ֆիզիկական պատրաստվածությանն ուղղված հավաքը դրական ազդեցություն ունեցավ մեր մարզիկների վրա: Արդյունքները վկայում են այդ մասին: Այս տարի հավաքին մասնակցում են 10 մարզիկ՝ 4-ը պատանիներ և երիտասարդներ են, ովքեր երբեք նմանատիպ հավաքների չեն եղել: Նրանց համար մեծահասակների հետ մարզվելը շատ կարևոր և արդյունավետ է, քանի որ այս տղաները եկող սերնդի համար լիդերներ են: Հարություն Մերդինյանը և Արթուր Դավթյանը հատուկ ծրագրով են մարզվում:Մարզվում ենք ըմբշամարտի դահլիճում: Ընտրեցինք այս դահլիճը, քանի որ գորգերը հարմար են նախավարժանքի և մի քանի վարժությունների համար: Մեզ հետ բերել ենք ևս 3 փոքր գործիք: Հիմնականում աշխատում ենք տղաների դիմացկունությունը բարձրացնելու ուղղությամբ»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը:

Հավաքը մեկնարկել է հունվարի 10-ին և կավարտվի 24-ին:

Լուսանկարներն` այստեղ

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ