ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ

12:10 - 19 Դեկ, 2020

Սերբիայի Բելգրադ քաղաքում ավարտվեց նաև ազատ ըմբշամարտի աշխարհի գավաթի անհատական խաղարկությունը։ Այն հաղթական վերջաբան ունեցավ Հայաստանի հավաքականի համար։ Արարատի մարզի ներկայացուցիչ, վաստակավոր մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի սան Վազգեն Թևանյանը / 65 կգ /  միակը մեր երկրի պատվիրակներից  դարձավ  ոսկե մեդալակիր:

Նա եզրափակիչում մրցեց Հունգարիան ներկայացրած  Իսմայիլ Մուսուկաևի հետ։ Հոգեբանական առումով գոտեմարտն ընթացավ արտասովոր լարված պայքարում։ Առաջին կեսում մրցակիցներն ընդամենը մեկական միավոր վաստակեցին։ Երկրորդ կեսում լարվածություննն ավելացավ։ Ըմբիշները միմյանց բախվում, հնարքներ էին փորձում ու արդյունքում բացահայտվում էին նրանց ճարպկության և  ճկունության բարձր որակները։ Այդ միջոցին մրցակցի մոտ  նշմարվեցին հոգնածության նշույլներ։ Բայց նա ջանում էր պահպանել ընթացքը մինչև վերջ ու դառնալ գավաթակիր։

Ժամանակը լուսատախտակի վրա արդեն  սկսեց հաշվվել վայրկյաններով։ Շունչներս պահած սպասում էինք Վազգենի << պայթյունին >>։ Եվ հայ ըմբիշի բռնկումը տեղի ունեցավ։ Նա ակնթարթների ընթացքում գլորումների կասկադով  << ճմրթեց >> հունգարացուն, շահեց ևս ութ միավոր և ինչպես նախորդ չորս հանդիպումներում, այս անգամ  նույնպես խոշոր հաշվով հաղթանակ տոնեց ՝ 9 ։ 1։

Վազգենը զարմացրեց անկոտրում կամքով ու անսպառ եռանդով։ Կարելի է երևակայել, թե գոտեմարտի վերջնամասում, երբ գրեթե ուժասպառվել էին մրցողները, հայորդին ակնթարթորեն տեխնիկական հնարքներ ձեռնարկեց՝ թարմ շունչ հաղորդելով պայքարին։

Հաջորդը պարգևատրության արարողությունն էր, երբ հայ չեմպիոնի ու գավաթակրի պատվին մարզապալատում սփռվեցին հայոց օրհներգի հնչյունները,որոնց ուղեկցությամբ փողփողալով վեր խոյացավ մեր եռագույնը։

ՀՀ վաստակավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի ղեկավարած մեր ընտրանին հայրենիք է վերադառնում մեկական ոսկե, արծաթե և բրոնզե մեդալ նվաճած։

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն մարզասերների անունից  շնորհավորում է ազատ և հունահռոմեական ըմբշամարտի բելգրադյան ստուգատեսի մեր մեդալակիրներին, մարզիչներին ու ակնկալում նորանոր հաղթանակներ։

 

Այլ նորություններ