Բոլորեց հայ հանճարեղ մարմնամարզիկ Ալբերտ Վաղարշակի Ազարյանի ծննդյան 92 –ամյակը : Ծնվել է 1929 թ. փետրվարի 11 –ին :
Ալբերտ Ազարյանը բնածին օժտվածությամբ մարզիկ էր : Թեև բավականին ուշ սկսեց պարապել մարմնամարզությամբ , բայց չափազանց կարճ ժամանակում անվանի դարձավ Հայաստանում, ԽՍՀՄ - ում և աշխարհում :
ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Սեմյոն Ղարագյոզյանի ղեկավարությամբ Ալբերտ Ազարյանը ավելի քան 15 տարի մնաց անպարտելի :
Նա հայաստանցի միակ մարդն է , ով 11 անգամ հռչակվել է ԽՍՀՄ չեմպիոն / օղակներ , զուգափայտ , պտտաձող մրցաձևերում / : Եվրոպայի կրկնակի և աշխարհի քառակի ոսկե դափնեկիր է: Աշխարհի միակ հայ մարզիկն է , ով կրում է օլիմպիական խաղերի եռակի չեմպիոնի պատվավոր կոչումը :
Ազարյանական լեգենդը ճյուղավորվել , տարածվել է աշխարհով մեկ : Քրիստոնյա հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր եռակի խաչակրին, քանզի նա առաջինն է կատարել ԱԶԱՐՅԱՆԱԿԱՆ ԽԱՉԸ և այն գրանցել մարմնամարզության միջազգային անվանակոչության տարեգրության չեմպիոնական պատմագրքում :
Նրա ստեղծած ընտանիքը երևի աշխարհում միակն է , որն ունի միևնույն ` սպորտային մարմնամարզություն մարզաձևում օլիմպիական խաղերի երկու չեմպիոն, գումարած նաև չեմպիոնական ընտանիքի մայրը : Նկատի ունենք մոսկովյան օլիմպիական խաղերի ոսկե դափնեկիր որդուն ` Էդվարդ Ազարյանին և տիկնոջը` Ելիզավետա Ազարյանին, ով նույնպես սպորտային մարմնամարզությունից ԽՍՀՄ սպորտի վարպետ է և Հայաստանի հանրապետության վաստակավոր մարզիչ :
Ալբերտ Ազարյանն արժանացել է ԽՍՀՄ , ՀԽՍՀ և անկախ Հայաստանի բարձրագույն պարգևներին ու կոչումներին : Այդ ամենով հանդերձ, նա երբևիցե չի տառապել աստղային հիվանդությամբ ու մնացել է նույն համեստ , հասարակ հայ մարդը :
Հենց այս հատկանիշներով է մշտապես վեր բարձրացել նա, ում համար կարևորը իր հիմնադրած մարզադպրոցում օրնիբուն լինելն է , փոքրիկներին մարմնակրթության դասեր տալը , առնական տղամարդ ու հայ քաջարի զինվոր դարձնելը :
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը և ամբողջ աշխատակազմը շնորհավորում, քաջառողջություն, երկարակեցություն և երջանկություն է մաղթում Հայաստանի 20 –րդ դարի լավագույն մարզիկին:
Դարով մեծանաք, հանճարեղ լեգենդ Ալբերտ Ազարյան :