ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ

15:57 - 15 Փետ, 2021

Հեռավոր 1986 –ին  Եվրոպայի առաջնությունում ԽՍՀՄ հավաքականի կազմում  Ռոբերտ Էմմիյանը հեռացատկեց  861 սանտիմետր, որով նոր ուղղում կատարեց հին աշխարհամասի բարձրագույն նվաճումների ցանկում : Մեկ տարի անց, 1987-ին նա բարելավեց արդյունքը ` 886 սանտիմետր : Այն գերազանցել ահա արդեն 34  տարի  չի հաջողվում եվրոպացի ոչ մի հեռացատկորդի: Փաստորեն, մեր երկրի մարզիկներից գյումրեցին առայժմ միակն է, ում նվաճումը պահպանվել ու ճանաչվում է հայաստանյան գրանցումով: Սա եզակի երևույթ է,  որ ` հեռացատկը գոնե Եվրոպայում համարվում է հայկական մրցաձև:Ավելի քան 60 տարի մեր ժողովրդի զավակներն են այս մրցաձևի տիրակալները: Նկատի ունենք նաև հանրահայտ Իգոր Տեր- Հովհաննիսյանին, որ շուրջ 30 տարի իրեն էր պահում առաջատարի համարումը:

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի շրջանավարտը ծնվել է 1965թ.,  ԽՍՀՄ բազմակի չեմիպիոն է, Եվրոպայի ամառային և ձմեռային առաջնությունների բազմակի ոսկե դափնեկիր, աշխարհի փոխչեմպիոն և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է : Նա մարզիչ է աշխատել Ֆրանսիայում և Քաթարում:  Հովանավորում է Գյումրիի աթլետիկայի մարզադպրոցը , որը երախտապարտ աշխատակիցների ցանկությամբ կրում է հենց Ռ.Էմմիյանի անունը:

 

Հեռացատկի  ավանդույթները Հայաստանում պահպանելու և զարգացնելու նպատակով , Ռոբերտն  իր գլխավորած աթլետիկայի ՀՀ ֆեդերացիայի համագործակցությամբ կազմակերպում և հաջողությամբ անցկացնում է << Ռ.Էմմիյանի անվան գավաթ >> միջազգային ավանդական մրցաշար: Թեև ապրում է Ֆրանսիայում, բայց հանդիսանում է Հայաստանի քաղաքացի: Ամուսնացած է, ունի երկու դուստր / Զվարթ  և Լուսինե/:  Պարապել է ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ,  գյումրեցի Մկրտիչ Կարապետյանի գլխավորությամբ,  իսկ համամիութենական գլխավոր թիմում նաև Իգոր Տեր- Հովհաննիսյանի դասերն է ստացել:

Հիշում ենք  Ռոբերտի մոր` տիկին Ազատուհու հետ զրույցը: Նախկին բասկետբոլիստուհի մայրը հաջողություն է ակնկալել Ռոբերտից ու դողացել նրա ամեն քայլի համար: Որդուն ճիշտ ճանապարհ է ցույց տվել, որ հաղթանակներ տանի ու բարձր պահի իրենց քաղաքի և մայր Հայաստանի պատիվը: Եվ որդին , << ոսկե >> ցատկերով կատարեց մոր առաջադրանքները: Տասնամյակներ առաջ իր սահմանած ռեկորդը նույնիսկ մեր օրերում արդյունքով չորրորդն է աշխարհում: Բայց Հայաստանը երկրորդ երկիրն է այդ նվաճումով: Հիշենք , որ Ռոբերտից առաջ են անցել միայն ամերիկացիները: Մեխիկոյում 1968թ.  անցկացված օլիմպիական խաղերում Բոբ Բիմոնի 890 սմ արդյունքը ստացավ  << լուսնային ցատկ >> անվանումը: Ապա հաջորդեց Մայքլ Պաուելի ` 1991թ. կատարած 895 սանտիմետրը, որը  ց՛այսօր լավագույնն է աշխարհում: Իսկ Կարլ Լյուիսի ` 887 սանտիմետրը  ընդամենը մեկ նիշով է  գերազանցում Էմմիյանի արդյունքը: Նշանակում է աշխարհում առաջինը Ամերիկա աշխարհամասի ներկայացուցիչներն են ,երկրորդը ` Եվրոպա աշխարհամասի հայաստանցի ցատկորդ Ռոբերտ Էմմիյանը: Այսքանը աթլետիկայի համաշխարհային դասակարգման առումով:

 

. . .  Գնացել էր Մոսկվա , վնասվածքը բուժելու համար: Հաջորդ օրն իսկ տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժը և հեռացատկորդը ժամեր հետո արդեն Գյումրիում էր: Առաջին հայացքից չճանաչեց հարազատ ծննդավայրը,  որը վերածվել էր քաոսի:  Շտապեց  տուն: Ավերակ տեսավ, իսկ սիրելի հայրը . . . մահացել էր: Գիտակցեց, որ ինքը պատահականության արդյունքում է ողջ մնացել  և պետք է մորն ու քրոջը թիկունք դառնար:

Մի անգամ Ռոբերտին ասացինք`  նա սակավաթիվ մեր այն վարպետներից է, ով աշխատելով դրսում` մեծ օգուտ է տալիս հայրենական սպորտին: Մշտապես աթլետիկական գույք ու հանդերձանք է ուղարկում Հայաստան: Հիմա էլ նրա միջնորդությամբ միջազգային ֆեդերացիան աթլետիկական ժամանակակից վազքուղիներ պետք է անհատույց  տեղադրի Արտաշատի մարզադաշտում: Պատասխանեց, որ մեծ բան չի անում և ինչ էլ որ անի,  միևնույնն է չի կարողանա պարտքը հատուցել սիրելի հայրենիքի ու նրա բնակիչների հանդեպ: Ասացինք, որ վարձահատույց վաղուց է եղել. ԽՍՀՄ գլխավոր թիմի կազմում, վեց տարի անընդմեջ  գերազանցել է ութ մետրի սահմանագիծը, ասել է թե`կատարել է գյումրեցիների պատվիրանը. << Ռոբերտ ջան, ինչքան կռնաս հեռուն ցատկե, օր լեզուներս ավելի էրգան էղնի >> : Եվ դու այնքան << էրգան >> ես ցատկել, որ ոչ մի եվրոպացի չի կարողանում գերազանցել այդ << Լենինականյան >> ռեկորդը:  Այդ խոսքի վրա չեմպիոնը շառագունեց, ժպտաց և ասաց, որ իրենն արդեն անցած է:  Հիմա պետք է որոնել , գտնել նոր շնորհալիների: Ուզում է,  որ Հայաստանը մարզական երկիր դառնա, բնակիչները լրջորեն վերաբերվեն մարմնակրթությանը:

 

Զրույցի վերջում ասաց, որ ուզում է յուրաքանչուր հայ ունենա մարմինը կրթելու բարձր մշակույթ, կոփի իր առողջությունը, ապրի ուրախ, երջանիկ կյանքով և չմոռանա, որ այդ ամենի նախապայմանը հենց աթլետիկա մարզաձևն է` վազել, քայլել, ցատկել . . .

Այսօր ` փետրվարի 15 –ին բոլորեց անկրկնելի հեռացատկորդի ծննդյան 55 –ամյակը:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի և աշխարհասփյուռ հայ մարզասերների անունից շնորհավորում ենք աշխարհաճանաչ վարպետին, մաղթում քաջառողջություն և երջանկություն:

 

ՀԱՕԿ –ի լրատվության բաժին

Այլ նորություններ