Առաջիկա կիրակի օրը՝ ապրիլի 17 –ին, Շվեյցարիայի Բազել ՝ Եվրոպայի առաջնություն կմեկնի Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը:
Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը թիմում ընդգրկել է Արթուր Դավթյանին, Վահագն Դավթյանին, Արթուր Ավետիսյանին, Արմեն Պետրոսյանին և Գագիկ Խաչիկյանին:
Հայտնի չէ, թե ինչպիսին կլինեն մեր մարմնամարզիկների արդյունքները, բայց հաճելի է այն փաստը, որ գլխավոր մարզիչը բազմամարտիկների դերում վստահել է տակավին երիտասարդներ Արմեն Պետրոսյանին և Գագիկ Խաչիկյանին:
Առանձին գործիքների վրա հանդես կգան Արթուր Դավթյանը / նժույգ թափեր և հենացատկ / , Վահագն Դավթյանը և Արթուր Ավետիսյանը / երկուսն էլ ՝ օղակներ /:
Բազմամարտում, մեդալներից բացի, չեմպիոնը և փոխչեմպիոնը կստանան օլիմպիական ուղեգիր: Հավելենք նաև, որ լավագույնների խմբում հայտնվող որոշ մարզիկներ արդեն ունեն խաղեր մեկնելու արտոնագիր: Ուստի վեր կբարձրանան նրանց հաջորդող տեղերում հայտնվող մարզիկները: Ասել կուզենք, որ հնարավոր է տասնյակ մտնողները ստանան Տոկիո մեկնելու բաղձալի ուղեգիր:
Գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և Էլֆիկ Հովհաննիսյանը Բազելում կհամալրեն մրցավարական հանձնախումբը, իսկ մարզչի դերը վստահվել է Հայկ Նազարյանին: