ԳՆԱՀԱՏԵԼԻ ԵՆ ԿՅԱՆՔԻ ԴԱՍԵՐԸ

11:57 - 11 Հուն, 2021

Առաջիկա  օլիմպիական  խաղերում   մասնագետները մեդալի հավակնորդ են համարում  նաև  ազատ ոճի  ըմբիշ Արսեն Հարությունյանին / 57 կգ /: Եվրոպայի, աշխարհի տարիքային տարբեր խմբերի առաջնությունների բազմակի հաղթող է , մրցանակակիր և գավաթակիր: Ուրեմն, օրինաչափ կհամարվի,  եթե   21 –ամյա մարզիկը նաև օլիմպիական մեդալակիր դառնա:

Արսեն Հարությունյանի մասին  կարծիք հարցրինք անձնական մարզիչ, վաստակավոր մարզիչ Արշակ Հայրապետյանից: Ասաց, որ  փոքրիկ Արսենը  ըմբշամարտով  սկսել է զբաղվել ծննդավայր Մասիս քաղաքում ՝ Արթուր Մարտոյանի ղեկավարությամբ: Տասնամյակը բոլորելուց հետո մարզիչն է տարել  Երևանի պետական օլիմպիական մարզական քոլեջ ու տղան  համալրել է ազատ ըմբշամարտի խումբը: Բարվոք պայմանները, տարբեր տարիքի  մարզընկերների հետ պարապելը  նպաստել են  պատանու հաջողություններին:

Արսենը ընկերասեր է, աշխատասեր, ընթերցասեր . . .   Այդ հատկանիշները փոխանցվել են նաև կրտսեր երկու եղբայրներին, որոնք նույնպես ընտրել են  այդ մարզաձևը:

Ըմբշամարտում երիտասարդ օլիմպիականի նախասիրություններն են  չորեքթաթ դրությունը, խաչը, ոտքերով աշխատանքը:

Արշակ Հայրապետյանը շեշտեց, որ  իր սանը վերջին պատերազմի մասնակից է ու դրա ավարտից հետո  դարձել է լրջախոհ, մտածող, նույնիսկ վայրկյանների նշանակությունը  արժևորող   մարդ - մարզիկ: Նա կյանքի յուրատեսակ դաս է ստացել, առնականացել և մրցագորգի վրա գրոհային ոճը ասես նրա տարերքն է արդեն:

Սանի մասին շնորհալի մասնագետի խոսքը  համեստ էր ու զուսպ: Նա ցանկացավ  չափի մեջ պահել աշակերտի հնարավորությունները,  իր իսկ կատարած աշխատանքը ու ավելի հաճախ էր անդրադառնում գործընկերների ՝   քոլեջի մարզչական խմբի անդամներ, անցյալի նշանավոր վարպետ Արշակ Սանոյանի, Գևորգ Վարդանյանի, երիտասարդական հավաքականի ղեկավար Ավետիք  Վարդանյանի, ՀՀ ազգային  հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի, մյուսների  նպատակային, համախմբված աշխատանքին: Ընդհանրապես կոլեկտիվ  գործը  սպորտում արդյունավետ է,  մանավանդ համերաշխ, առողջ մթնոլորտը: Այդ պարագայում մարզիկներն աշխատում, քրտինք են թափում անհոգնում և լավ տրամադրությամբ թողնում մարզադահլիճը:

Մեր զրուցակցի ցանկությամբ մենք էլ  զուսպ լինենք ու սպասենք Արսեն Հարությունյանի օլիմպիական ,բայց ՝ հաղթական գոտեմարտերին:

 

Այլ նորություններ