Հայաստանի կանանց ծանրամարտի հավաքականը սովորաբար լավ մրցելույթներ է ունենում միջազգային պաշտոնական մրցումներում: Հաջողության ակնկալիքով է թիմը նախապատրաստվում եվրոպական ստուգատեսներին:
Գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ասաց, որ ընթացիկ մրցաշրջանում մարզուհիները ուսումնամարզական առաջին հավաքը անցկացրել են Ծաղկաձորում: Այնտեղ շեշտը հիմնականում դրվել է մարզվողների ընդհանուր ֆիզպատրաստականությունը բարելավելու վրա: Պարապողներն այժմ Աբովյանում են զարգացնում իրենց ունակությունները: Հասկանալի է, որ յուրաքանչյուր մոտեցման ժամանակ գլխավոր մարզիչը և իր օգնական Տարոն Թովմասյանը ուշադիր են նաև հատուկ ֆիզպատրաստականության որակների բարելավմանը:
Ապրիլի 30 –ին ծանրորդուհիների համերաշխ համակազմը կավարտի այս փուլը: Նույն օրը Միլենա Խաչատրյանը / 76 կգ / տղաների թիմի հետ կմեկնի Հունաստան,որպեսզի մասնակցի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Մյուսները մարզումները կշարունակեն մայրաքաղաքի Օլիմպավանում: Այստեղ արդեն մարզվողները և մարզիչները առավել ուշադիր կլինեն: Պետք է հնարավորինս զերծ մնալ վնասվածքներից, լուծում տալ անձնական քաշի կարգավորմանը, ավելացնել ծանրաձողի կիլոգրամները և անհրաժեշտ մարզավիճակով ու բարձր տրամադրությամբ մեկնել Ալբանիա , որտեղ մայիսի 26 –ին կսկսվի Եվրոպայի առաջնությունը:
Նախնական հայտով նախատեսված է մրցումների ուղեկցել երեք հոգու : Նրանք են ՝ Իզաբելա Յայլյանը / 55 կգ /, Տաթև Հակոբյանը / 81 կգ / և Հռիփսիմե Խուրշուդյանը / 87կգ /: