ԻՆչպես ակնկալվում էր, Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում աշխարհի ըմբշամարտի հերթական առաջնության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է:Սկզբից ևեթ մրցագորգերի վրա ծավալվեցին դիտարժան գոտեմարտեր:
Համանուն ստուգատեսում առաջին անգամ ավելի բարձր ՝ 77 կգ քաշային կարգում հանդես եկավ աշխարհի նախորդ առաջնության՝ 72 կգ քաշայինների չեմպիոն մեր Մալխաս Ամոյանը: Փաստը մտահոգող էր և դա զուր չէր: Հենց մեկնարկում մեր ըմբիշը պարտվեց հունգար Զոլթան Լևային: Եթե Մալխասը նոր քաշային կարգում պահեստային կիլոգրամներ ուներ, ապա Զոլթանը կիլոգրամներ է բեռնաթափել:Ամեն բանից անկախ, ենթադրում ենք, որ եթե երևանցին ավելի շուտ հաստատված լիներ նոր քաշային կարգում, ապա իրենը կաներ՝ ինչպես սփոփիչ գոտեմարտերում: Նա հաջորդաբար հաղթեց Վրաստանի , Շվեդիայի, ղազախստանի ներկայկացուցիչներին և << բրոնզի >> համար պայքարի ելավ անվանի ու բազմափորձ սերբ Վիկտոր Նեմեշի դեմ:
Սկիզբը խոստումնալից էր և թվում էր, որ պասիվության համար գորգի մրցավարը նկատողություն կհայտարարի տանտիրոջը: Բայց հակառակն արվեց և միավոր տրվեց Նեմեշին: Սա սթափեցրեց, մտահոգեց մեզ: Տրիբունաների աջակցությունը, միջազգային ֆեդերացիայի նախագահ, սերբ Նենադ Լալովիչի ներկայությունը, էլ չասենք տանտիրոջ բարձր կարգը . . . Դժվար էր այս ամենի դեմն առնելը: Բայց ինչպես էպոսում է, մրցավարի այդ մի << զարկը >> Մալխասը նվիրեց հենց ֆեդերացիայի նախագահին ու ինչպես հատուկ է իրեն, մեր մարզիկը անմիջապես չորս միավորանոց հնարք կատարեց, ապա գումարեց երկու, հետո էլ մեկ միավոր և համոզիչ հաղթանակ ՝ 7 : 1:
Մալխաս Ամոյանի նոր նվաճումը մեծ արժեք ունի, չափազանց գնահատելի է, հույս է ներշնչում, որ նա ամրապնդվում է նոր քաշային կարգում և իր համարձակ խոսքը կասի Փարիզի օլիմպիական խաղերում: