. . . ՀՈՒՅՍԻ ՄՐՑԱՇԱՐ

12:47 - 22 Նոյ, 2022

Երևանի, Գյումրիի և Վանաձորի շուրջ 60 մարզիկ – մարզուհիներ մասնակցեցին Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահի սահմանած գավաթի խաղարկությանը:

Մայրաքաղաքում անցկացված այդ  միջոցառումը կարելի է անվանել նաև հույսի մրցաշար, քանզի խոստումնալից նշանառուներ ի հայտ եկան: Նշենք 14 –ամյա հրացանակիր Գագիկ Նիկողոսյանին: Համարձակ այդ պատանին դիպուկ կրակոցներով մտավ եզրափակիչ  և վճռական փուլում հաղթեց / 615 միավոր / փորձառուներին, նրանց թվում ՝ Հրաչ և Հայկ Բաբայան եղբայրներին:

Պետք է ենթադրել, որ շնորհալի այդ տղան երբևիցե չի վարակվի աստղային հիվանդությամբ և կդառնա օլիմպիական խաղերի հայաստանցի միակ չեմպիոն Հրաչյա Պետիկյանի արժանի հետնորդը: Ի դեպ, ստուգատեսին ներկա էր նաև ինքը ՝  մեծանուն չեմպիոնը, որը խաղարկված գավաթը հանձնեց մրցաշարում լավագույնը ճանաչված, Փարիզի օլիմպիական խաղերի ՝ մեր երկրի առայժմ  միակ մասնակից Էլմիրա Կարապետյանին:

Մրցաշարում գրանցվեց նաև ՀՀ նոր ռեկորդ: Վազող թիրախ մրցաձևում Գոհար Հարությունյանը վաստակեց 383 միավոր և երկու միավորով բարելավեց Լիլիթ Մկրտչյանին պատկանած նախկին նվաճումը:

ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ մարզաձևի մեր երեք առաջատարները՝ ատրճանակավարներ Էլմիրա Կարապետյանը, Բենիկ Խլղաթյանը և հրացանակիր Հրաչ Բաբայանը վաղը կմեկնեն Լեհաստան:

Վրոցլավ քաղաքում նրանք կանցկացնեն մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք և այդ ընթացքում կմասնակցեն Լեհաստանի բաց առաջնությանը: Հայտավորված են բազմաթիվ երկրների նշանառուներ, որոնց թվում զգալի տոկոս են կազմում նաև հեղինակությունները: Այս մասին զրույցի ժամանակ ասաց Ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արեգ  Սարիբեկյանը: Նա նաև ընդգծեց, որ եկող տարեսկզբից կսկսվեն օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերը և այնպես պետք է անել, որ մեր պատվիրակները լավ մարզավիճակով ներկայանան պատասխանատու ստուգատեսներին: Էստոնիայի մայրաքաղաք Տալլիննում  է մարտին անցկացվելու Եվրոպայի առաջնությունը:

 

 

 

Այլ նորություններ