Փետրվարի 9 –ին նշվում է վոլեյբոլի ծննդյան օրը:
Ամերիկայում է հայտնվել ամենադիտարժան խաղային մարզաձևերից մեկը։ 1895թ. ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Հոլյոկ քաղաքում, երիտասարդ քրիստոնյաների ասոցիացիայի մարզադահլիճում, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ուիլյամ Մորգանը հանդես է եկել նոր գնդակախաղով։
Մորգանը որոշեց միաձուլել բասկետբոլի, բեյսբոլի և հանդբոլի տարրերը: Թենիսից վերցրեց ցանց և այն տեղադրեց հատակից 196 սմ բարձրության վրա: Ցանցն այդ ժամանակ միջին հասակ ունեցող մարդու գլխից բարձր էր: Խաղի էությունը գնդակը ցանցի վրայով նետելն էր։
1896թ. նոր խաղը Սպրինգֆիլդ քաղաքում ցուցադրվեց հանդիսականերին: Հանդիպմանը ներկա գտնված պրոֆեսոր Ալֆրեդ Խոլստեդի առաջարկությամբ այն անվանվեց վոլեյբոլ, անգլերեն` « թռչող գնդակ» :
Այսօր մոլորակի յուրաքանչյուր յոթերորդ մարդ ( բնակչության 15%-ը ) ինչ-որ կերպ կապված է վոլեյբոլի հետ։
Վոլեյբոլը միակ թիմային խաղն է, որտեղ արդյունքն է հաշվվում, ոչ թե ժամանակը, ուստի հանդիպումը կարող է շատ երկար տևել:
Ամենաթանկ վոլեյբոլի գնդակն արժե 18 հազար դոլար։ Բայց դա խաղային գնդակ չէ: Նման գին է որոշվել Ուիլսոնի գնդակի համար, որով հայտնի « Վտարվածը » ֆիլմի հերոսը հայտնվել է ամայի կղզում։
Խորհուրդ է տրվում դասական վոլեյբոլ խաղալ 25°C աստիճանում:
1947թ. ստեղծված միջազգային ֆեդերացիան (FIVB) միավորում է 220 երկիր: 1948 թ. տեղի է ունեցել Եվրոպայի, իսկ մեկ տարի անց ՝ տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնությունները: Օլիմպիական ծրագրում ընդգրկվել է 1964թ.:
Հայաստանի անդրանիկ առաջնությունը կայացել է 1925թ.: 1928թ. ստեղծվել է վոլեյբոլի հանրապետական առաջին սեկցիան, որը 1958թ. վերանվանվել է ֆեդերացիա:
1949թ. մեր երկրում մարզաձևով զբաղվել է 14.880, իսկ 1984թ.՝ 68.000 մարդ: Այժմ այդ թիվը երևի թե հաշվվում է ընդամենը հարյուրներով:
Թվերը վկայում են, որ քանակը հիրավի նպաստում է վարպետության աճին: Մեզանում եղել են տասնյակ շնորհալի վարպետներ, ովքեր համալրել են համամիութենական տարբեր հանրապետությունների և քաղաքների լավագույն թիմերը և մասնակցել են ԽՍՀՄ առաջնություններին: Հայաստանի կանանց և տղամարդկանց համակազմերը նույնպես հանդես են եկել միութենական ստուգատեսներում:
Բոլոր ժամանակների մեր լավագույն խաղացող է ճանաչվել երևանցի Նինա Մուրադյանը: Նա ԽՍՀՄ կանանց հավաքականի կազմում եղել է օլիմպիական խաղերի փոխչեմպիոն / 1976թ. Մոնրեալ /: Մարզուհին նաև ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի առաջնությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր է:
Տղամարդկանցից անգերազանացելի է մնում էջմիածինցի Սերոբ Փլավչյանը, որը համամիութենական ընտրանու կազմում դարձել է Եվրոպայի ոսկե դափնեկիր:
Տոնի առթիվ շնորհավորում ենք վոլեյբոլ խաղացող բոլոր մարզիկ – մարզուհիներին, ՀՀ ֆեդերացիային և իհարկե գործող մարզիչներին և իրենց կյանքը մարզաձևին նվիրած երախտավորներին: