Դիպուկությամբ աչքի ընկան Հայաստանի հրաձգության առաջնության մասնակիցները: Այս մասին գոհունակությամբ նշեց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: Երևանյան ստուգատեսի մենարկից մինչև վերջին կրակոցները անզիջում պայքար է ընթացել նշանառուների միջև: 80 մարզիկ – մարզուհիների պայքարում չեմպիոնի կոչմանն արժանացան երևանցի հրացանակիրներ Գագիկ Նիկողոսյանը, Մարիամ Միքայելյանը, ատրճանակավարներ Էլմիրա Կարապետյանը,Նորայր Առաքելյանը, իսկ գյումրեցիներ Արուսյակ Գրիգորյանը և Հովհաննես Մարգարյանը անգերազանցելի էին վազող թիրախ մրցաձևում:
Մեր հավաքականը կմասնակցի Լեհաստանի Բելոստոկ քաղաքում փետրվարի 17 –ին սկսվող ուսումանամարզական հավաքին: Այնուհետև 10 հոգանոց խումբը / երկու մարզիչ / կմեկնի Տալլին և հանդես կգա մարտի 7 –ին այնտեղ մեկնարկելիք Եվրոպայի առաջնությանում:
Գլխավոր մարզիչը նաև նշեց, որ երկու կարևոր խնդիր ունեն լուծելու եվրոպականում: Նկատի ունի այն, որ մրցումներում խաղարկվելու են միաժամանակ Լեհաստանում ամռանը կայանալիք Եվրոպայի ամառային երրորդ խաղերի և << Փարիզ – 2024 >> -ի մասնակցության ուղեգրեր:
Հիշեցնենք , որ Հայաստանից առայժմ առաջին և միակ օլիմպիականը Էլմիրա Կարապետյանն է: Նա դեռևս նախորդ մրցաշրջանում է նվաճել ցանկալի արտոնագիրը: