Նորագավիթի սուսերամարտի մարզադպրոցում անցկացվեց Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Մասնակցեցին Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Բյուրեղավանի պատվիրակները:
Հաղթող դարձան երևանցիներ, խոցասուսերակիրներ Գրիգոր Մնացականյանը, Անահիտ Նավասարդյանը, ճկասուսերակիրներ Գրիգոր Պապոյանը, Աիդա Ալոյանը և գյումրեցի թրասուսերակիր Արմեն Ղալաչյանը:
Մրցավարտից հետո հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանն ասաց, որ մարտուղյակ ելան շուրջ 100 տղաներ և աղջիկներ: Այդ թիվն ավելի մեծ կլիներ, եթե կազմակերպիչները ընդառաջեին բոլոր ցանկացողներին:
Մրցումները ցույց տվեցին , որ մեզանում շնորհալիներ կան: Համենայնդեպս յուրաքանչյուր զենքաձևում 6 – 7 հուսալի սուսերակիրներ ունենք: Դա անկասկած տեղերում գործող մարզիչների լավ աշխատանքի արդյունքն է: Հաճելի է, որ մարզօջախները ապահովված են ժամանակակից գույքով և հանդերձանքով ու այդ հարցին լուծում է տվել ՀՀ սուսերամարտի ֆեդերացիան:
Առաջնության արդյունքներով կազմվեց հավաքական, որը կմասնակցի ուսումնամարզական հավաքների, փորձամրցումների և լավ մարզավիճակի հասած մարզիկ – մարզուհիները ապրիլին հանդես կգան Բուլղարիայի Պլովդիվում անցկացվելիք աշխարհի երիտասարդական առաջնությունում: