Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին այսօր հրաժեշտ տվեցին Եվրոպայի ծանրամարտի առաջնության մասնակիցները: Իսկ վերջինը մրցահարթակ ելան գերծանրքաշայինները:
Մարզիկների ներկայացման տողանում շարված էին 11 հերկուլեսներ: Բայց նրանցից Սերբիայի և Հոլանդիայի ծանրորդները չելան մրցաբեմ ու նրանք բավարարվեցին ներկա ստանալով: Հասկանալի է, ստուգատեսը վարկանիշային է և Փարիզի օլիմպիական խաղեր մեկնողները պետք է հայտավորված լինեն վարկանիշային վեց մրցաշարի, որից մեկը երևանյանն էր:
Ասպարեզ ելած իննյակից բարձր արդյունքներով աչքի ընկավ անդրկովկասյան եռյակը. վրաստանցի Լաշա Տալախաձե, հայաստանցիներ Վարազդատ Լալայան և Սիմոն Մարտիրոսյան:
Նույն հերթականությամբ նրանցից յուրաքանչյուրը պոկում, հրում վարժությունների և երկամարտի արդյունքներով արժանացավ երեքական ոսկե , արծաթե և բրոնզե մեդալի:
Ներկայացնենք նաև արդյունքները. Լաշա Տալախաձե՝ 474 կգ / 222 կգ + 252 կգ /, Վարազդատ Լալայան ՝ 462 կգ / 212կգ + 250 կգ / և Սիմոն Մարտիրոսյան ՝ 440 կգ / 195 կգ + 245 կգ /:
Նշած եռյակից յուրաքանչյուրի ծանրահարթակում լինելու ժամանակ դահլիճում տիրում էր քար լռություն, իսկ հաջողության պարագայում տրիբունաները թնդում էին ծափերից:
Ի դեպ, դեռևս նախօրյակին, զրույցի ժամանակ, Տալախաձեն ասել է, որ մանկուց է ընկերություն անում հայերի հետ: Ինչ իմանար, որ հենց հաջորդ օրը, հայ մարզասերը իրեն այդքան ջերմորեն կընդուներ ու կգնահատեր հերթական՝ եվրոպական յոթերորդ հաղթանակի առթիվ:
Թիմային պայքարում հաղթեց Հայաստանի հավաքականը, որի օգտին գրանցվեց 13 մեդալ. չորսական ոսկե, արծաթե և հինգ 5 բրոնզե պարգև:
Մասնակիցները գոհունակությամբ հրաժեշտ տվեցին հյուրընկալ Հայաստանին և հայ մարզասերին՝ կրկին Երևան այցելելու ցանկությամբ: