Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մարզչական խորհուրդ կունենա

14:02 - 30 Սեպ, 2015

Սեպտեմբերի 30-ին Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայի նիստերի դահլիճում կայացավ  Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի հերթական համաժողողովը, որի ընթացքում քննարկվեցին տարբեր տարիքային խմբերի հավաքականների մրցելույթները:

Հավաքականների գլխավոր մարզիչները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքը, քննարկվեցին բացթողումները:

Մարզիչների ելույթներից հետո, խոսեց  ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը: Նա հավաքականի մարզիչներին հորդորեց, որպեսզի միջազգային մրցումների մեկնելիս հավաքականների կազմում ընդգրկեն միայն լիովին պատրաստ մարզիկներին: Մարզիչներին կոչ արեց նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել բռնցքամարտիկների կարգապահությանը և հոգեբանական խնդիրներին:

Ֆեդերցիայի նախագահը ներկայացրեց Դոհայում անցկացվելիք մեծահասակների  աշխարհի առաջնությունում Հայաստանի պատվիրակության կազմը: Նշեց, որ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը կշարունակի մնալ մեր ընտրանու ղեկին, բայց որոշ հանգամանքներ հաշվի առնելով՝ աշխարհի առաջնությունում հավաքականը կգլխավորի երիտասարդական ընտրանու ավագ մարզիչ Կարեն Աղամալյանը:

Գևորգյանը նշեց, որ  հավաքականի 3-րդ անդամը՝ Հովհաննես Բաչկովը, Դոհա կմեկնի սպիտակ քարտով, որը երկար բանակցությունների արդյունքում հաջողվել է ձեռք բերել:

Բռնցքամարտի Ֆեդերացիայի աշխատանքները ավելի արդյունավետ դարձնելու համար որոշում կայացվեց ստեղծել մարզչական խորհուրդ:

Համաժողովին ելույթ ունեցավ նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը, ով իր խոսքում նշեց, որ Հայաստանում բռնցքամարտի զարգացման համար մեկ կարևոր նախապայման կա. բոլոր մարզիչները պետք է մեկ բռունք կազմեն, համախմբվեն՝ հանուն բռնցքամարտի:

Այլ նորություններ