<< Փարիզ – 2024 >> խաղերի համար ընտրված 45 հազար կամավորականների համար Սեն Դենիում կազմակերպվել է տոնական միջոցառում: Ներկաները հնարավորություն են ունեցել ուսումնասիրել խաղերի որոշ մանրամասներ:
Տեղի է ունեցել նաև կամավորականների համազգեստի շնորհանդեսը: Այն մշակվել է ֆրանսիական DECATHLON ընկերության հետ, որը Փարիզի խաղերի պաշտոնական գործընկերներից մեկն է:
Միջոցառումներին մասնակցել է նաև << Փարիզ - 2024 >> - ի նախագահ Թոնի Էստանգեն: Նա ներկայացրել է մեդալները, ջահը, թալիսմանները և տոնակատարությունների ծրագիրը:
Մեկ տարուց ավելի է պահանջվել համազգեստի յուրաքանչյուր կտոր մշակելու և նախագծելու համար, որը հարմարեցվել է բոլոր առաքելություններին, իրավիճակներին, եղանակային պայմաններին և այլն:
Հագուստը շատ հարմարավետ է, նորաձև ու ֆունկցիոնալ, բաղկացած է 15 կտորից. հագուստ, կոշիկ, պայուսակներ ներառյալ այն մարզաշապիկը, որը ֆրանսիական նորաձևությունը խորհրդանշող նավաստու գծավոր վերնաշապիկ է:
Կամավորականների համազգեստը կարևոր տարր է, որը թույլ կտա ճանաչել նրանց՝ հանդիսատեսից մինչև հավատարմագրված պաշտոնյաներ: Առաջիկայում նրանք կսկսեն իրենց առցանց ուսուցումը:
Կազմկոմիտեն հայտնել է, որ իրենք ստացել են ավելի քան 300,000 կամավորականների հայտ: Ընտրված 45000 կամավորականների ավելի քան հինգ տոկոսը հաշմանդամություն ունեցող անձինք են, իսկ 20 տոկոսը՝ արտերկրից:
33 –րդ ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 122 օր: