ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ԿԱՏԱՐԵՑ ԳԵՐԱԶԱՆՑ

11:27 - 22 Ապր, 2024

Հայաստանի սպորտային մարմնարզության հավաքականը համալրել է աշխարհի լավագույն թիմերի շարքը: Դա հայ մասնագետների բանիմաց, նպատակային աշխատանքի արդյունքն է: Գովասանքի են արժանի նաև մարմնամարզիկները, որոնք ունենալով բարձր  վարպետություն, նաև դրսևորում են անկոտրում կամք:

Ժամանակակից մարմնամարզությունը անկարելի է պատկերացնել առանց բարդ տարրերի ու կապակցությունների: Այս պարագայում էլ մերոնք անընդհատ առաջադիմում են:

Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության վերջին` վճռորոշ փուլը ասածի վկայությունը հանդիսացավ: Գավաթային փուլերի ընդհանուր արդյունքներով որոշվեցին օլիմպիական արտոնագրեր ստացող մարզիկները: Նրանցից մեկն է մեր Վահագն Դավթյանը, ով փայլեց օղակների վրա իր կատարումներով:  Նրան անհրաժեշտ էր միայն հաղթանակ, որպեսզի ստանար Փարիզ մեկնելու ուղեգիր: Եվ նա լուծեց բարդագույն խնդիրը, որն իրեն  առաջադրել էր հավաքականի գլխավոր մարզիչ, բազմափորձ  Հակոբ Սերոբյանը:

Եզրափակիչում Դավթյանը վաստակեց 14.833 միավոր, անհասանելի դարձավ մրցակիցների համար, վստահորեն գրավեց առաջին տեղը և իր անվանի թիմակից Արթուր Դավթյանի հետ միասին  Հայաստանը կներկայացնի Փարիզի օլիմպիական խաղերում:

Անկարելի է չանդրադառնալ թիմի առաջատար Արթուր Դավթյանին: Նա վաղուց էր նվաճել օլիմպիական ուղեգիր, բայց ինչպես միշտ, Դոհայում նույնպես, առաջինը ճանաչվեց իր կողմից << սեփականացրած >> հենացատկում: Նա կրկին իրենը արեց: Ավելին, նախորդ տարիների նման ճանաչվեց աշխարհի գավաթի խաղարկության բացարձակ չեմպիոն:

Շնորհավորում ենք մեր մարմնամարզիկներին և հաջողություն մաղթում Իտալիայի Ռիմինի քաղաքում առաջիկայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունում:

 

 

Այլ նորություններ