ՀՈՒՆԱՍՏԱՆՈՒՄ ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ՓՈԽԱՆՑԱՎԱԶՔԸ

12:07 - 26 Ապր, 2024

Հունաստանում  այսօր իր շրջագայությունը կավարտի  Փարիզի ամառային օլիմպիական խաղերի  ջահի փոխանցավազքը: 600 ջահակիրներ  արդեն   անցել են ավելի քան 5 հազար կմ ՝  այցելելով կղզիներ, քաղաքներ, երկրի կարևոր հնագիտական շատ վայրեր և այլուր:

Փոխանցումավազքի  վերջին փուլում  կրակը   Աթենքի << Պանատինաիկոս >>   մարզադաշտ  այսօր կհասցնի  հույն աթլետ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն  Անդիգոնի Դրիզմբիոտին:

Վերջին ջահակիրը, որը կվազի մարզադաշտում,  կլինի Հունաստանի  ջրագնդակի տղամարդկանց հավաքականի ավագ Յոաննիս Ֆունտուլիսը, ով իր թիմակիցների հետ արծաթե մեդալ է նվաճել Տոկիոյի օլիմպիական խաղերում:  

Նախատեսված մշակութային ծրագրի ավարտից  հետո  կհնչի օլիմպիական օրհներգը ու  կբարձրացվի օլիմպիական դրոշը։

Ողջույնի խոսքով հանդես կգա ԵՕԿ –ի և   Հունաստանի ԱՕԿ – ի նախագահ,  Սպիրոս Կապրալոսը և << Փարիզ - 2024 >>  կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգուն:

Արարողության ավարտին օլիմպիական ջահը  գլխավոր քրմուհի, հույն դերասանուհի  Մարիա Մինան  կհանձնի Կապրալոսին, նա էլ ՝   Էստանգուին։

Օլիմպիական կրակը  << կգիշերի >>  Հունաստանի մայրաքաղաքում՝  Ֆրանսիայի դեսպանատանը, իսկ շաբաթ օրը Ֆրանսիա կմեկնի պատմական հուշարձան ճանաչված << Բելեմ >>  առագաստանավով։

Կրակը Մարսել կհասցվի մայիսի 8-ին։

Ֆրանսիայով  փոխանցավազքը կտևի 68 օր և կավարտվի հուլիսի 26-ին՝  խաղերի բացման արարողության ժամանակ:  

 

 

Այլ նորություններ