ԱՐՏԱՍՈՎՈՐ ԴԻՊՎԱԾ ՝ ՓԱՐԻԶԻ ԼՈՂԱՎԱԶԱՆՈՒՄ

12:27 - 29 Հուլ, 2024

Օլիմպիական խաղերը, ինչպես ցանկացած այլ մրցաշար, պատմություն են դառնում:  Բայց հիշվում են նաև  զավեշտական միջադեպերով, որոնք հաճախ անհնար է կանխատեսել կամ ուղղորդել: Երբեմն այնպիսի իրավիճակներ են պատահում, որոնց մասին մեկը նախապես  չէր  կարող պատկերացնել։

Նման դեպք տեղի  ունեցավ  Փարիզի օլիմպիական խաղերի  <<  Լա Դեֆենս Արենայում >> ՝   կանանց մրցումներից րոպեներ առաջ: Մասնակիցները  պատրաստվում էին 100 մետր բրաս  լողաոճի ջրամուտին, երբ  հանկարծ գունավոր լողազգեստով,  առանց գլխարկի  ոչ մարզական կազմվածքով  մի տղամարդ շարժվեց դեպի լողավազան։ Նա հայտնվեց ջրում  ու . . .  օրինական կերպով, փաստորեն  հետաձգեց  մեկնարկը։

Տղամարդը, ով ակնթարթորեն գրավեց հանդիսականի  և մարզիկների ուշադրությունը, ուներ կոնկրետ խնդիր. լողավազանի հատակից վերցնել լողորդներից մեկի կորցրած գլխարկը։ Ըստ կանոնների՝ լողի ժամանակ օտար առարկաներ չպետք է լինեն։ Ուստի տղամարդը ստիպված էր անակնկալ սուզվել։

Անսպասելի հյուրը  հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո, առանց դժվարության սուզվեց ու հատակից հանեց ամերիկուհի Էմմա Վեբերի գլխարկը։

Տղամարդը անմիջապես ստացավ  փրկչի կերպար։ Դուրս գալով լողավազանից,  նա հաղթականորեն բարձրացրեց ձեռքը՝ գլխարկը վեր պահած։ Հանդիսատեսը բուռն ծափահարություններով պարգևատրեց հերոսին, որը  շնորհակալություն հայտնեց  ներկաներին։

Ինչ վերաբերում է ամերիկուհի Վեբերին, ապա նա չհաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Սակայն կորած գլխարկի և նրա փրկչի հետ կապված միջադեպը դեռ երկար կհիշվի։

 

Այլ նորություններ