Միջազգային թեստավորման գործակալությունը (ITA) հրապարակել է << Փարիզ – 2024 >> -ի զեկույցը: Փաստաթղթում նշվում է, որ ծանրամարտը համարվում է այն սակավաթիվ մարզաձևերից մեկը, որտեղ խաղերից վեց ամիս առաջ փորձարկվել են բոլոր օլիմպիականները:
Միջազգային ֆեդերացիան որակավորել էր 120 ծանրորդի ու ևս երկու մարզիկ, որոնք ներկայացնում էին փախստականների օլիմպիական թիմը: Նրանք բոլորը վերահսկվել են Փարիզի խաղերի մեկնարկից առաջ:
<< Ներկայացված թվերը , փաստերը և թեստավորման աննախադեպ բարձր մակարդակը ցույց են տալիս մեր վճռականությունը դոպինգի դեմ պայքարում: Դա նաև վկայում է, որ մենք Փարիզում արդար և մաքուր մրցակցություն ենք ունեցել։ IWF-ն, ITA-ի հետ միասին, շատ լուրջ է վերաբերվում հարցին, և մենք ուրախ ենք, որ մշակած ռազմավարությունը հաջողված է: Օգտվելով առիթից շնորհակալություն եմ հայտնում մեր ազգային ֆեդերացիաներին՝ ծանրամարտը ճիշտ ուղղությամբ տանելու իրենց ջանքերի և հանձնառության համար >>, - հայտարարել է IWF-ի նախագահ Մուհամեդ Ջալուդը:
Միջազգային թեստավորման գործակալությունը 2022թ. դեկտեմբերից է մշակել ծրագիրը: Ավելին, 2024թ. հունվարից ֆեդերացիայի նոր կանոնակարգը թույլ է տվել ավելի ճիշտ կառավարում իրականացնել և հետամուտ լինել այն ծանրորդների նկատմամբ, ովքեր հավակնում էին օլիմպիական խաղերի մասնակիցը դառնալուն:
Բացի վերահսկողությունից, Փարիզի մարզահանդեսին որակավորված բոլոր մարզիկները ստացել են հակադոպինգային կրթություն՝ համաձայն IWF / ITA-ի պարտադիր պահանջների: