Փետրվարի մեկին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու – Դաբի կմեկնի Հայաստանի հեծանվային սպորտի հավաքականը:
Գլխավոր մարզիչ Դավիթ Մկրտչյանը ուսումնամարզական հավաքի կուղեկցի ութ հեծանվորդների: Այս մասին զրույցի ժամանակ ասաց մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Գրիգոր Համբարձումյանը:
Երևան վերադառնալուց մի քանի օր հետո մեր պատվիրակությունը կմեկնի Վարշավա և կմասնակցի մարտի 1 – 9 – ը անցկացվելիք հրապարակային հեծանվավազքի միջազգային մրցաշարին: Մրցուղերթն այնուհետև կշարունակվի Խորվաթիայում կայանալիք խճուղայինների միջազգային ստուգատեսում: Կհաջորդեն ապրիլին դարձյալ Լեհաստանում նշանակված խճուղային երկու և մայիսին ՝ Չեխիայում հրապարակային հեծանվավազքի չորս միջազգային մրցումները:
Մարզչական խորհրդի ներկայացրած ծրագիրը արժանացել է մարզաձևի համապետական ֆեդերացիայի նախագահ , գործարար Արա Սադոյանի հավանությանը: Նորընտիր այդ պաշտոնյան ոչինչ չի խնայում ոլորտի լավագույն ավանդույթները վերականգնելու համար: Այդ հանգամանքը հատկապես նկատի ունենալով է նա համաձայնել մարզումային ու մրցումային կանաչ ուղի հարթել << երկաթե նժույգի հեծյալների >> համար:
Մեր ընտրանին պաշտոնական առաջին լուրջ քննությունը կհանձնի հուլիսին Պորտուգալիայում կայանալիք Եվրոպայի, իսկ օգոստոսին ՝ Հոլանդիայում նախատեսված աշխարհի առաջնություններում:
Մարզիչների սահմանած նշաձողը սաներին առաջին տասնյակում տեսնելն է: Հաջողության հասնելու նախադրյալներ կան, քանզի մի քանի հեծանվորդներ, որոնց անունները նշել մարզիչները չցանկացան, օժտված են և կարող են հասնել ցանկալիին:
Արժե հավելել, որ թիմը նախապատրաստական աշխատանքները սկսել է դեռևս ամանորի տոներից մի քանի օր հետո: Համապատասխան մայրուղիներում, առօրյա պարապմունքներից բացի, մարզիկները անտրտունջ սլացել են նաև Ծիծեռնակաբերդի դժվարին տեղանքներով անցնող ուղիներով: