Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը բացման խոսքով հանդես է եկել ՄՕԿ-ի 144-րդ նստաշրջանում: Այն անցկացվում է Հին Օլիմպիայում, մի վայրում, որտեղ ծնվել են խաղերը:
Բախը մասնավորապես ասել է, որ Հունաստանը և հունական քաղաքակրթությունը աշխարհին երկու հրաշալի նվեր է տվել. ժողովրդավարություն և օլիմպիական խաղեր:
Հին Աթենքում է առաջին անգամ կիրառվել դեմոկրատական սկզբունքները: Այդ երկիրը նաև օլիմպիական խաղերի ծննդավայրն է, որտեղ 2800 տարի առաջ եզակի նվեր մատուցվեց համայն աշխարհի մարդկությանը:
Հին օլիմպիական խաղերը կառուցվել են արժեքների վրա, ինչպիսին , օրինակ, օլիմպիական զինադադարի ավանդույթն է:
Մենք հավերժ երախտապարտ ենք Հունաստանին և մեր հույն ընկերներին՝ այդ երկու թանկարժեք նվերների համար:
Հին Օլիմպիական խաղերը շարունակություն չունեցան, ընդհատվեցին, երբ մի կողմ դրվեցին սպորտի արժեքները: Գրեթե 2000 տարի պահանջվեց, մինչև Պիեռ դե Կուբերտենը վերակենդանացրեց այդ սքանչելի միջոցառումը: Մեծանուն գործիչը ցանկանում էր աշխարհն ավելի լավը դարձնել նաև սպորտի և դրա արժեքների միջոցով:
ՄՕԿ-ի հիմնադիր Պիեռ դե Կուբերտենի սիրտը հավերժ է այստեղ՝ Օլիմպիայում: Նա է ասել, որ օլիմպիական խաղերը ուխտագնացություն են դեպի անցյալ և հավատքի ակտ՝ դեպի ապագա: Երբ հարգանքի տուրք ենք մատուցում Կուբերտենին, մենք դա անում ենք մի կողմից՝ խոնարհությամբ, մյուս կողմից՝ վստահությամբ: Այդկերպ ձգտում ենք կատարել մեր դերը՝ որպես նրա տեսլականի պահապաններ: Ապագայի հանդեպ մեր հավատի դրսևորումը կլինի նաև ՄՕԿ –ի նոր նախագահի ընտրության գործը:
Թոմաս Բախի իրավահաջորդի ընտրությունը նշանակված է վաղը, հինգշաբթի՝ մարտի 20 –ին: Յոթ թեկնածու է հավակնում դառնալ ՄՕԿ-ի 10-րդ նախագահը: