Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում մեկնարկել է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները մասնակցում են 10 –ական մարզիկ – մարզուհիներով:
Տղամարդկանց 61 կգ քաշային կարգում մեր երկիրը ներկայացրեց գյումրեցի Գառնիկ Չոլակյանը: Մարզիչ Ալեքսան Կարապետյանի անձնական սանը պոկեց 124 կգ և վարժությունում գրավեց երկրորդ տեղը: Նա հրումում սանձեց 151 կգ ծանրաձողը և ճանաչվեց չորրորդը:
Կանանց 55 կգ քաշային կարգի պայքարին տոն տվեցին Ալեքսանդրա Գրիգորյանը և Իզաբելլա Յայլյանը:
Առավել հաջող հանդես եկավ Ալեքսանդրան: Նա պոկեց 85 կգ, հրեց 117 կգ և երկամարտի 202 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղն ու կանգնեց պատվանդանի << արծաթե >> աստիճանին:Ի դեպ, Քրիստինե Պետրոսյանի գյումրեցի սանը ճանաչվել է 2024թ. Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդուհի:
Մեր երկրորդ պատվիրակ, երևանցի Իզաբելլա Յայլյանը /մարզիչ ՝ Հրանտ Տոնոյան/ երկամարտի 193 կգ / 90 կգ + 103 կգ / արդյունքով, գրավեց պատվավոր վեցերորդ տեղը:
Վաղը՝ ապրիլի 16 –ին ծանրահարթակ կելնի վեդեցի Գոռ Սահակյանը / 73 կգ /: