ՀԱՂԹԱԿԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ

11:27 - 22 Ապր, 2025

« Եվս մեկ ոսկի Եվրոպայի առաջնությունում։

Վարազդատ Լալայանը հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն:

Տարիների գրագետ ու հետևողական աշխատանքը տալիս է իր արդյունքները: Արժանապատիվ ու վաստակած հաղթանակ է սա։ 

Շնորհավորում եմ Վարազդատին, նրա մարզիչներին, ինչպես նաև Վարազդատի ծնողներին` հայ ազգին նման զավակ պարգևելու համար:

Մեր մեծ հաղթանակները դեռ առջևում են»: Այսպես է  Վարզադատ Լալայանի հաղթական մրցելույթը շնորհավորել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ  Գագիկ Ծառուկյանը:  

Միանում ենք բոլոր շնորհավորանքներին.  երկրորդ տարին անընդմեջ Եվրոպայի ամենաուժեղ մարդու կոչումը և չեմպիոնի  ոսկե մեդալը նվաճեց  գյումրեցի հերկուլեսը:

Քիշնևում անցկացված Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում  գերծանրքաշային Վարազդատ Լալայանը պոկեց 210 կգ, հրեց 240 կգ և երկամարտի 450 կգ արդյունքով ճանաչվեց լավագույնը: Սա հայ մարդու հոգու, մարմնի,  աննկուն կամքի և հարատևության յուրատեսակ վկայություն է, մանավանդ,  որ հպարտ միայնության մեջ՝ ամբողջ 35  կիլոգրամով նա իրենից ետ թողեց  երկրորդը ճանաչված  էստոնացի Մարտ Սեյմին: Երրորդ տեղը գրավեց  ուկրաինացի Բոգդան Գոզան: Ի դեպ, հաղթանակած գյումրեցուն չեմպիոնական պարգևը մեծ սիրով  հանձնեց ծանրահարթակի փառահեղ վարպետ, թբիլիսցի գերծանրքաշային Լաշա Տալախաձեն:

Տղամարդկանց և կանանց  հավաքականների  գլխավոր մարզիչներ  Փաշիկ Ալավերդյանի և Արտաշես Ներսիսյանի սաները նվաճեցին 27 մեդալ /19 –ը՝  տղամարդիկ, 8 –ը ՝ կանայք /:

Թիմային պայքարում մեր ընտրանիները  ճանաչվեցին առաջինը:

 

 

Այլ նորություններ