ՊԱՏՎԱԲԵՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ

11:27 - 14 Հուլ, 2025

Կոսովոյին բարձր տրամադրությամբ  հրաժեշտ տվեց  Հայաստանի  մինչև 16 տարեկան աղջիկների բասկետբոլի  հավաքականը:

Նախնական փուլերի հանդիպումներում հաջողության  հասնելով,  ավագ մարզիչ Մանուկ Գրիգորյանի և նրա օգնական Մերի Գրիգորյանի մարզուհիները մտան եզրափակիչ:

Ոսկե մեդալի համար հայուհիները մրցեցին Կիպրոսի թիմի հետ: Հանդիպումը բավականին լարված ընթացք ունեցավ: Բայց մարզական  բախտը երես թեքեց մեր աղջիկներից, որոնք պարտվեցին 58 : 65 հաշվով: Այնուամենայնիվ, Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ստուգատեսում փոխչեմպիոն դառնալը  նույնպես բարձր պատիվ է, որի  համար շնորհավորում ենք արծաթե մեդալակիր  մեր պատվիրակությանը և ընդհանրապես հայրենական բասկետբոլի ընտանիքին:

Անդրադառնալով  եզրափակիչ մրցամարտին, ասենք, որ հանդիպման ամենաարժեքավոր խաղացողը Ավա Սեդա Ղարիբն էր: Նա գրանցել է դաբլ-դաբլ՝ վաստակել է 12 միավոր և կատարել 17 ռեբաունդ: Սեդան  նաև ընդգրկվել է Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի ստուգատեսի լավագույն խաղացողների հնգյակում:

Այլ նորություններ