ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ . . .

11:27 - 15 Օգո, 2025

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» հյուրընկալեց  Չեխիայի «Սպարտային»։

Հանդիպումը կայացավ Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում: Տանտերերը պարտվեցին 1:2 հաշվով և դուրս մնացին  հետագա պայքարից:

Հիշեցնենք, որ  «Արարատ-Արմենիան» առաջին խաղում նույնպես պարտություն էր կրել / 1:4 /։

Անհաջող հանդես եկավ նաև «Նոան»:   Հայաստանի չեմպիոնն ու  գավաթակիրը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում հյուրընկալեց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմպսին»։

Աբովյանի  մարզադաշտում անցկացված խաղում խորվաթ մասնագետ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը պարտվեց հետխաղային 11 մետրանոցներով՝ 5:6:

Հիմնական և  լրացուցիչ ժամանակում խաղն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0: Հանդիպումը շարունակվեց հետխաղային 11 մետրանոցներով, որն ավելի հաջող իրացրին հյուրերը:

Թիմերի առաջին մրցամարտը ավարտվել էր 1:1 հաշվով:

«Նոան» ելույթները կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում և  կմրցի Սլովենիայի «Օլիմպիա Լյուբլյանայի» հետ։

Խաղից հետո  մեր թիմի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը մամուլի ասուլիսում  նշել է , որ իր սաները ունեցել են  մրցակցի դարպասը գրավելու մի քանի  հնարավորություն, սակայն դրանք  չեն իրացվել: Դեռ վաղ է խոսել դասերի մասին, քանզի պետք է վերլուծել։ Բոլոր վատ բաները իմ մեղքն են, բոլոր լավերը՝ խաղացողների արժանիքը, նշել է Սանդրո Պերկովիչը:

 

Այլ նորություններ