
Միջազգային օլիմպիական կոմիտեն հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ. «Հակամարտություններից բզկտված աշխարհում սպորտը պետք է մնա հույսի փարոս. մենք խորապես հավատում ենք դրան: Այս գործառույթը գտնվում է օլիմպիական շարժման սրտում:
ՄՕԿ-ը կարծում է, որ բոլոր անհամաձայնությունները պետք է լուծվեն երկխոսության միջոցով, այլ ոչ թե բռնությամբ:
Մենք խիստ մտահոգված ենք, որ աշխարհի տարբեր երկրներում մրցումները խափանվում են, մարզիկների մուտքը սահմանափակվում է, իսկ մրցումները բոյկոտվում կամ չեղարկվում են քաղաքական պատճառներով: Այս ամենը զրկում է մարզիկներին մրցելու իրավունքից և խանգարում է օլիմպիական շարժմանը՝ ցուցադրելու սպորտի միավորող ուժը»:
ՄՕԿ-ը հիշեցնում է, որ օլիմպիական խարտիայի համաձայն, շարժման մասնակիցները պետք է պահպանեն քաղաքական չեզոքություն: Սա, մարզական կազմակերպությունների ինքնավարության հետ մեկտեղ, բազմիցս հաստատվել է ՄԱԿ-ի բանաձևերով։
«Այս ամենի մասին վկայեց Փարիզի խաղերը, որտեղ 206 երկրների ներկայացուցիչներ միասին ապրեցին օլիմպիական գյուղում և մրցեցին նույն ասպարեզներում։ Հետևելով այս ուղղությանը, ՄՕԿ-ի գործկոմը մտադիր է գտնել միջոց, որպեսզի բոլոր ազգային օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչները կարողանան մրցել Դաքարում 2026թ. կայանալիք պատանեկան օլիմպիական խաղերում», - ասվում է հայտարարության մեջ։
Հանդիպման ժամանակ հայտարարվել է նաև նոր աշխատանքային խմբի ստեղծման մասին։ Դրա նպատակը կլինի պաշտպանել օլիմպիական հիմնարար սկզբունքները։
«Սա նպատակ ունի ապահովել, որ ՄՕԿ-ը, օլիմպիական խաղերը և սպորտը, որպես ամբողջություն, շարունակեն մնալ քաղաքականապես չեզոք և կատարեն աշխարհը մրցակցության միջոցով միավորելու իրենց առաքելությունը։ Մարզիկները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց նվիրվածությունը օլիմպիական արժեքներին և դառնալ օլիմպիական հիմնարար սկզբունքների դեսպաններ»։