ՀԱՕԿ – Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ

11:17 - 26 Սեպ, 2025

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն պարբերաբար հանդես է  գալիս նախաձեռնություններով: Հերթականը վերաբերում էր աճող սերնդի մարմնակրթության հարցերին: Այդ առթիվ  մայրաքաղաքի Օլիմպավանում կազմակերպված ընդլայնված  ասամբլեային,  գործկոմի անդամներից բացի, հրավիրված էին մեզանում գործող  մարզական ֆեդերացիաների ներկայացուցիչներ, տարբեր մարզաձևերի  հավաքականների մարզիչներ, մարզաշխատողներ . . .

Հիմնականում «Մարզաշխարհը հանուն առողջ սերնդի» թեման էր  նիստի օրակարգում:  

Բացման խոսքով և ընդգրկուն ելութով հանդես եկավ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը: Նա մասնավորապես նշեց, որ միջոցառման նպատակը երկուսն են. մարզաշխարհի նշանավոր մարդկանց հանդիպումները կրթօջախներ և երկրորդը՝ գործնական աշխատանքներ: Արդեն հասկանալի է նախաձեռնության նշանակությունը և բնույթը:

Բանախոսը նաև ընդգծեց, որ ՀԱՕԿ –ը կգնահատի բոլոր առաջարկությունները, հանդիպումներ և քննարկումներ կլինեն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչների հետ:

Նպատակը  առողջ սերունդ ունենալն է: Դա իրագործելի է, քանզի ինչպես միշտ,  մարզաշախարհը միասնական է ու  չկան ներքին հակասություններ:  

Մեծ է հատկապես անվանի  վետերանների, գործող մասնագետների և հեղինակություն ունեցող մարզիկների դերը առողջ սերունդ կոփելու, դաստիրակելու գործում:

Խոսուն ելույթներ ունեցան ՀԱՕԿ –ի պատվավոր փոխնախագահ, ֆիզիկական կուլտուրայի  և սպորտի վաստակավոր գործիչ Դերենիկ Գաբրիելյանը, ՀԱՕԿ –ի փոխնախագահ, Հայ – ռուսական համալսարանի ֆիզդաստիրակության ամբիոնի վարիչ,  գիտությունների դոկտոր – պրոֆեսոր Արմեն Գրիգորյանը, անվանի մարզուհի, ծանրամարտից միջազգային պաշտոնական մրցաշարերի բազմակի հաղթող և մրցանակակիր Հռիփսիմե Խորշուդյանը:

Նրանք բազմաթիվ փաստերով և օրինակներով անդրադարձան օրակարգում ընդգրկված ծրագրին: Հիշեցին նախկինում ստեղծված լավ ավանդույթները և նշեցին դրանք նորովի շարունակելու, կյանքի կոչելու ուղիները: Եվ հույս հայտնեցին, որ բնագավառի նվիրյալները նպատակները կիրականացնեն:

Թեմայի շուրջ առաջարկություններով հանդես եկան նաև ներկաները:

Նիստի ավարտին ներկայացվեց ՀԱՕԿ –ի հայտարարությունը:




 

Այլ նորություններ