
Անցած նոյեմբերի 12 –ին բոլորեց հայրենական ֆուտբոլի երախտավոր, մեծն Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 99 –րդ տարին և նա թևակոխեց 100 – ամյակը:
Աշխարհով մեկ սփռված հայ ֆուտբոլասերը կարոտով սպասում էր հաջորդ` 2026թ. նշելու մեծ հայորդու մեկդարյա հոբելյանը: Ավաղ, ցանկալին իրականություն չդարձավ, 2025թ. նոյեմբերի 23 –ին Մոսկվայում երկրային կյանքին հրաժեշտ տվեց կաշվե գնդակի մեծագույն վարպետը:
Ն. Սիմոնյանի մասին տասնամյակներ շարունակ գրվել է ու խոսվել: Նրան հարգում ու գնահատում էր Խորհրդային մարզասերը: Բայց նա չափազանց թանկ էր հատկապես հայ ժողովրդի համար: Նա էր, որ հայկական ֆուտբոլը փառաբանեց իր մասնագիտական խորը գիտելիքներով, մարզչական հմտություններով ու իր ժողովրդին ուրախություն և բերկրանք պատճառած նվաճումներով:
Անմոռանալի է Հայաստանի ֆուտբոլի պատմագրքում 1973 թվականին Սիմոնյանի շնորհիվ բացված նոր, փառապանծ էջը. Երևանի «Արարատը» նվաճեց Խորհրդային Միության և գավաթակրի , և չեմպիոնի կոչումները:
Նրա ծառայությունները բարձր են գնահատել ֆուտբոլի միջազգային, եվրոպական և ՌԴ միությունները, որոնք տասնյակ բարձրագույն պարգևներ են շնորհել մեծանուն վարպետին: Իհարկե, հայրենիքը նույնպես մեծարանքի է արժանացրել իր տաղանդաշատ զավակին:
Մելբուռնի օլիմպիական խաղերի / 1956թ. / ոսկե դափնեկրին փառաբանել է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն: Նախագահ Գագիկ Ծառուկյանը, ոսկեզօծ «Արարատի» հաղթանակների 40 –ամյակի պատվին, 2013թ. գլխավոր մարզչին պարգևատրել է ՀԱՕԿ –ի բարձրագույն` ոսկե շքանշանով: Բացի այդ, մեծ բարեգործի հովանավորությամբ ու բարի ցանկությամբ, մեր ֆուտբոլի հաղթանակների ասպարեզ «Հրազդան» ստադիոնի հարակից տարածքում վեր խոյացավ արարատցիների հոյակերտ արձանախումբը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի աշխատակազմը ցավակցում է Նիկիտա Պավլովիչի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, ֆուտբոլասերներին . . Նրա հիշատակը հավերժ կմնա մեր հուշերում։