
Տարիքային տարբեր խմբեր ներկայացնող 17 երկրների ավելի քան 400 պատվիրակներ մասնակցեցին Բուլղարիայի Գոցե Դելչև քաղաքում անցկացված ազատ ըմբշամարտի միջազգային պատանեկան մրցաշարին: Կազմակերպիչները Հայաստանից հրավիրել էին Արտաշատի` Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի սաներին: Մարզիչներ Սերյոժա Բարխուդարյանի և Ռուբեն Մկրտչյանի ուղեկցությամբ մրցագորգ ելան 11 ըմբիշներ:
Մինչև 20 տարեկանների մրցումներում աչքի ընկավ Արման Հարությունյանը / 61 կգ /, որը գրավեց երկրորդ տեղը: Մինչև 17 տարեկանների պայքարում հաղթող դարձան Էրիկ Ղազարյանը / 48 կգ, նա նաև արժանացավ լավագույն տեխնիկայի մրցանակին / և Սարգիս Հարությունյանը / 85 կգ /: Նրանց մարզընկերներ Լյովա Միկալյանը / 38 կգ / և Դավիթ Բալեյանը / 55 կգ / գրավեցին երկրորդ, իսկ Ազատ Հարությունյանը / 45 կգ / և Հարություն Խաչատրյանը / 51 կգ / երրորդ տեղը: Կրտսեր պատանիների մրցավեճում Մհեր Խաչիկյանը / 42 կգ / ճանաչվեց երրորդը:
Մրցաշարը վկայեց, որ անվանի մասնագետ Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցի մարզիչները շարունակում են լավ ավանդույթները և իրենց սաներով հետայսու նույնպես կհամալրեն երկրի հավաքականները:
Արժե հիշել, որ այդ մարզօջախում են աճել օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի բազմակի հաղթողներ և մրցանակակիրներ Արծրուն Սարգսյանը, Արայիկ Գևորգյանը, Արմեն Մկրտչյանը, Վազգեն Թևանյանը, Արման Անդրեասյանը, մյուսները: