ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՄԱՅՐԵՆԻՈՎ

09:27 - 12 Հուն, 2026

Կասկածից վեր է, որ աշխարհում  գնդակախաղով  զբաղվում են տարբեր սեռի և տարիքի միլիարդավոր մարդիկ: Հատկապես բարենպաստ եղանակային պայմաններում նույնիսկ հանգստացողների  ու զբոսաշրջիկների ճամպրուկներում տեղ են գտնում գնդակներ: Մարդիկ զբաղվում են վոլեյբոլով, հանդբոլով, որոնք առավել մատչելի են բնության գրկում  ու նաև  լողափերում:

Առավելապես վերջին տասնամյակներում պաշտոնական մրցումների օրացուցային պլանում տեղ են գտել լողափնյա ֆուտբոլ, վոլեյբոլ մարզաձևերը: Գրեթե քառորդ դար առաջ նրանց է միացել նաև լողափնյա հանդբոլը: Մարզաձևի միջազգային ֆեդերացիան 2002թ. հրապարակել է լողափնյա հանդբոլի խաղի կանոնները: Եվ ահա ՀՀ –ում մարզաձևի մեծ երախտավոր Հարություն Մելքոնյանը և նրա դուստրը՝  մարզաձևի եվրոպական ֆեդերացիայի մրցավարական հանձնախմբի ներկայացուցիչ  Աննա Մելքոնյանը խնամքով թարգմանել ու հրապարակել են <<  Լողափնյա հանդբոլ խաղի կանոնները  >> անվանումով գիրքը:

Մայրենիով լույս ընծայված այդ ձեռնարկը մրցավարներին, մանկավարժներին, մարզիչներին, ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչներին, ուսանողներին, իհարկե նաև մարզասեր բնակչությանը  կօգնի ավելի արդյունավետ կազմակերպել լողափնյա պարապմունքները, ինչպես նաև մրցումների կազմակերպմանը և անցկացմանը: Այդ նպատակին մեծապես կնպաստեն  ձեռնարկում զետեղված  շուրջ երկու տասնյակ նշաններ  ցուցանող լուսանկարները:

Գրքի տպագրմանը   երաշխավորել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն:

Այլ նորություններ