ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ ՀԻՇԵՑՐԵՑ ՀԵՌԱՎՈՐ 1973 – Ը

11:17 - 23 Հուն, 2026

Լիտվայի Կաունաս քաղաքի խաղային մարզաձևերի մարզապալատում երեկ  կայացավ Եվրոպայի ֆուտզալի առաջնության եզրափակիչ փուլի խմբային մրցաշարի ՝ Հայաստան – Ուկրաինա  հավաքականների մրցամարտը:

Ասպարեզում   խաղասկզբից մինչև վերջ ծավալվեց դիտարժան պայքար: Իրար էին հաջորդում արագության վրա կատարվող բազմաբնույթ գործողությունները: Դրանք որոշ դեպքերում, տեխնիկական հնարքների ու անակնկալ փոխանցումների  առումով հիասքանչ պահեր պարգևեցին, վեհացրին մարզասերներին: Հիշենք Արսեն Պետրոսովի՝ կրունկով զարմանալի ճշգրտությամբ հետ՝ Դերմենջյանին հասցեագրած գոլային փոխանցումը, որը հանկարծակիի բերեց նույնիսկ աշխարհի բրոնզե մեդալակիր մրցակիցներին:

Ի վերջո  նվազագույն ՝ 2 : 1 հաշվով հաղթեց Հայաստանի հավաքականը: Գոլերի հեղինակ դարձան  ուկրաինացի Վլադիսլավ Պերվևը և մեր ընտրանուց՝ Միհրան Դերմենջյանը, որը ճանաչվեց պայքարի լավագույն խաղացող:

  

Մեր թիմի մուտքը եվրոպականի եզրափակիչում նշանավորվեց փառահեղ հաղթանակով: Ավագ սերնդի հայ ֆուտբոլասերին այն հիշեցրեց  հեռավոր 1973 թվականը, երբ ԽՍՀՄ ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում <<Արարատը>>  նույն ՝ 2 : 1 հաշվով հաղթեց Կիևի <<Դինամոյին>>: Այն ժամանակ նույնպես առաջինը հաջողության հասան ուկրաինացիները: Այնուհետև Իշտոյանը հաշիվը հավասարեցրեց,  իսկ վերջնամասում՝ կրկնապատկեց: Այս պարագայում նույնպես Դերմենջյանը վերջնամասում, խաղավարտից երկու րոպե առաջ գրանցեց իր  թիմի հաղթական գոլը:

Մրցաշարի սկիզբը մեր հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի և նրա ղեկավարած մասնագիտական խմբի նպատակային ու խելացի կառավարման արդյունքն է, որի համար նրանց շնորհավորում ենք:

Հուսանք, որ  առաջիկա կիրակի՝ հունվարի 25 –ին, Չեխիայի ընտրանու հետ կայանալիք մրցապայքարում, մեր հավաքականի միաձույլ կազմը կրկին կուրախացնի հայ մարզասերին:

Այլ նորություններ