ՀԱՅԵՑԻ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՄԲ ՍՈՒՍԵՐԱԿՐՈՒՀԻՆ

11:07 - 24 Մար, 2026

Պրահայում անցկացվեց  մինչև 23 տարեկան սուսերակիրների Եվրոպայի գավաթի խաղարկությունը:

Աղջիկների պայքարում  Հայաստանը ներկայացրեց  Դարյա Մալիշևան: Ճկասուսերակիր մարզուհին խմբային փուլում  տարավ  հինգ հաղթանակ և մտավ հաջորդ՝  նոկաուտ փուլ: Այստեղ պայքարն ավելի դժվար էր և այդ պարագայում դարձյալ վստահ խոցումներով հանդես եկավ մեր պատվիրակը: Նա հաղթեց երկու գերմանուհիների, ապա ՝ չեխուհուն ու մտավ կիսաեզրափակիչ և իր համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ:    

Եզրափակիչի ճանապարհին  Դարյայի մրցակիցը կրկին գերմանուհի էր՝ Ջորջիա Ռուտեն: Չափազանց սուր, լարված մրցությունում, ավաղ, մեր մարզուհին  պարտվեց մրցաշարի ապագա չեմպիոնուհուն, մնաց երրորդ տեղում ու  կանգնեց պատվո հարթակի բրոնզե աստիճանին:

Բարետես, կանացի հմայքով, կապուտաչյա  աղջիկ է Դարյան: Չափազանց հարգալից է վերաբերվում Հայաստանին ու նրա մարդկանց: Հպարտանում է Կարինե Գուլյանց անվամբ  իր հայուհի մայրիկով:

Հայեցի դաստիրակություն ստացած  Դարյան 12 տարի առաջ է հրապուրվել սուսերամարտով: ՌԴ պատանեկան հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, մրցանակներ  է նվաճել ՌԴ և միջազգային բազմաթիվ մրցաշարերում: Սովորում է Սանկտ Պետերբուրգի Լեսգաֆտի անվան ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտում:

Երկու տարի առաջ է Մալիշևան ստացել ՀՀ քաղաքացիություն , սիրում է, հիացած է Երևանով, հաճույքով է մասնակցում մարզումներին, ուսումնամարզական հավաքներին: Նպատակ ունի կրկին հաջողության հասնել Իտալիայում ապրիլի 25 –ին մեկնարկող Եվրոպայի մինչև 23 տարեկանների, ապա ՝ հունիսի ութին Ֆրանսիայում սկսվելիք Եվրոպայի  առաջնություններին:

Երազում է դառնալ օլիմպիական և վստահ մրցելույթներ ունենալ Լոս Անջելես – 28 –ի խաղերում:

Այլ նորություններ