Դավիթ Թորոսյան. Հավաքականի առաջին համարներն աստիճանաբար մարզավիճակ են ձեռք բերում

13:50 - 11 Մար, 2017

Մարտի 14-ից 17-ը Գերմանիայի Հալե քաղաքում անցկացվելու է բռնցքամարտի «Chemistry Cup 2017» միջազգային մրցաշարը, որին Հայաստանից մասնակցելու են Հովհաննես Դանիելյանը՝ 49 կգ քաշային կարգ, Գոռ Երիցյանը՝ 69 կգ եւ Վազգեն Շահվերդյանը՝ 81 կգ:

Բռնցքամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը ՀԱՕԿ լրատվականին ասաց, որ Սոչիում կայացած «Ստրանջայի» մրցաշարից հետո որոշել են առաջատար բռնցքամարտիկներին հանգիստ տալ.

«Թիմը Գերմանիա մեկնելու է մարտի 13-ին՝ իմ օգնական Վահան Ադիլխանյանի ղեկվարությամբ: Կազմը կարող էր ավելի մեծ լինել, սակայն որոշ մարզիկների հետ վիզայի խնդիրներ առաջացան: Հովհաննես Դանիելյանը ռինգ է վերադառնում վնասվածքից հետո: Մինչեւ իմ` հավաքական գալը, նա մեկ անգամ մասնակցել է միջազգային մրցաշարի»,-ասաց գլխավոր մարզիչը:

Դավիթ Թորոսյանն ընդհանուր առմամբ գոհ է «Ստրանջայի» արդյունքից՝ նկատի ունենալով, որ Հովհաննես Բաչկովը ոսկե մեդալ նվաճեց.

«Ես մի քանիսից ավելի շատ սպասելիքներ ունեի, սակայն Բաչկովի մեդալը ծածկում է ամեն ինչ: Հավաքականի առաջին համարներն օլիմպիական խաղերից հետո աստիճանաբար մարզավիճակ են ձեռք բերում եւ ապագայում պետք է ավելի բարձր մակարդակ բարձրանան»,-ասում է Դավիթ Թորոսյանը:

Փետրվարին հետաձգված Հայաստանի երիտասարդական առաջնությունը կանցկացվի մոտ ապագայում: Ժամկետները, ինչպես պատանեկան առաջնության դեպքում, հայտնի կդառնան շուտով, իսկ մեծահասակների առաջնությունը կկայանա տարեվերջին: 

Այլ նորություններ