Ալեքսանդր Լակերնիկ. Հայաստանը գեղասահքին քիչ անուններ չի տվել

14:41 - 24 Մայ, 2017

Գեղասահքի Հայաստանի առաջնությանը պատվավոր հյուրի կարգավիճակով ներկա էր Չմշկասահորդների միջազգային միության (ISU) փոխնախագահ Ալեքսանդր Լակերնիկը:

-Ալեքսանդր Ռաֆաիլովիչ, առաջին անգա՞մ եք Հայաստանում:

- Ոչ, դեռ 80-ականների կեսերին համամիութենական մրցումների շրջանակներում եղել եմ այստեղ:

-Այն ժամանակ հայ գեղասահորդերը հանրապետությունն արժանի կերպով ներկայացրին ԽՍՀՄ-ում

-Ձեր երկիրը տվել է մարդկանց, որոնք լավ հայտնի են ոչ միայն խորհրդային, այլեւ միջազգային գեղասահքում: Կարող եմ հիշել Ռաֆայել Հարությունյանին` աշխարհի լավագույն մարզիչներից մեկին, որն այժմ բնակվում է ԱՄՆ-ում: Գուրգեն Վարդանյան, Սարգիս Թեւանյան, սրանք դեռ այն անուններն են, որոնք կարողացա միանգամից հիշել:

- Ինչպիսի՞ն տեսաք  հայկական գեղասահքը գրեթե երեք տասնամյակ անց:

- Դուք երկար եւ բարդ ժամանակահատված եք ապրել, երբ մեր մարզաձեւը Հայաստանում գործնականում չկար: Ափսոս, որ այլեւս չի օգտագործվում ձեր նախկին սահադաշտը (Շենգավիթում: ՀԱՕԿ): Սակայն ազգային ֆեդերացիային հաջողվել է պետության աջակցությամբ եւ մասնավոր ներդրումներով ստեղծել լավ սահադաշտով մարզադպրոց: Այստեղ կարելի է ոչ միայն մարզվել, այլեւ անցկացնել միջազգային մրցաշարեր, չնայած տրիբունաներն այդքան էլ մեծ չեն: Հուսամ, մենք նորից կլսենք հայ գեղասահորդների մասին:

Իհարկե, ֆեդերացիայի ուժերից վեր է միայնակ լուծել լուրջ խնդիրները: Պետական մակարդակով աջակցություն է անհրաժեշտ, քանի որ գեղասահքը բավականին ծախսատար մարզաձեւ է:

- Ինչի՞ց խորհուրդ կտայիք սկսել:

- Ամենասկզբից: Շատացել է երեխաների քանակը: Չնայած դեռ լավ չեն սահում, բայց նրանց հետ կարելի է աշխատել եւ օգնել, որ աճեն: Հարկավոր է պատրաստել որակյալ մարզիչների եւ միջազգային կարգի մրցավարների, որոնք դուք դեռ չունեք: Դա ժամանակ պահանջող խնդիրների համալիր է: ISU-ն պատրաստ է բազմակողմանի օգնել զարգացող ֆեդերացիաներին, որոնք առաջադիմելու ցանկություն ունեն:

- Կոնկրետ ի՞նչ աջակցություն է ցուցաբերում ISU-ն:

- Մենք տարածաշրջանային հավաքներ ենք անցկացնում, որտեղ ազգային ֆեդերացիաները կարող են ուղարկել իրենց մարզիկներին: Որոշ նախագծերի զարգացման ծրագրի շրջանակներում ցուցաբերվում է ոչ մեծ ֆինանսական աջակցություն:

-Մինչեւ ISU-ում պաշտոնավարելը, դուք  ՌԴ ֆեդերացիայում զբաղեցնում էիք փոխնախագահի պաշտոնը: Ռուս գործընկերները ինչո՞վ կարող են օգնել հայկական գեղասահքին:

-Կարծում եմ մրցավարների եւ մասնագետների պատրաստմամբ: Բայց այստեղ ընդհանուր բառեր չէ, որ պետք են, այլ համագործակցության կոկրետ ծրագրեր: Եվս մեկ անգամ ցանկանում եմ ընդգծել երկրի մարզական ղեկավարության աջակցության անհրաժեշտությունը:

Այլ նորություններ