Սարգիս Գրիգորյան. Ցանկանում ենք վերականգնել հանդբոլի «Վարչապետի Գավաթ» մրցաշարը

23:15 - 31 Մայ, 2017

Հունիսի 12-ից 18-ը հանդբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմասնակցի 2nd Еmerging Nations Championship-ին, որը կանցկացվի Բուլղարիայի Գաբրովո քաղաքում: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ հարցազրույցում հայտնեց Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը: Նա խոսեց նաեւ հայկական հանդբոլում տիրող իրավիճակի մասին:

- Այս մրցաշարը միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո հանդբոլի զարգացող երկրների համար է անցկացվում,- ասաց Սարգիս Գրիգորյանը,- այնտեղ հանդես են գալիս մինչեւ 24 տարեկանները եւ  ավագ տարիքի երեք մարզիկ: Խմբային փուլում մեր թիմը կհանդիպի Չինաստանի, Ֆարերյան կզղիների եւ Մոլդովայի հավաքականի հետ:

Ինչպե՞ս են ընթանում մրցաշարի նախապատրաստական աշխատանքները:

- Մարզիկները Վրաստանում երկու անգամ միջազգային մրցաշարի են մասնակցել: Հիմա էլ այնտեղ մեկշաբաթյա հավաք ենք անցկացնելու:

Ֆեդերացիան տարվա ընթացքում հանրապետական քանի՞ մրցաշար է անցկացնում:

- Մոտավորապես 20: Անցկացվում են մինչեւ 15, 17 տարեկանների եւ մեծահասակների հանրապետության առաջնություններ: Ձգտում ենք մի քանիսն Արցախում անցկացնել: Թիմերի քանակը կախված է տարիքային խմբերից. որքան փոքր է տարիքը, այնքան շատ են թիմերը:

Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Հայաստանում չկան պրոֆեսիոնալ մակարդակի հանդբոլի ակումբներ: Պրոֆեսիոնալ խաղացողը հանդես է գալիս ակումբի կազմում եւ գումար վաստակում: Մեր դեպքում դա դեռ հնարավոր չէ: Շատերը զինվորական ծառայությունից հետո դադարում են ոչ միայն հանդբոլով, այլեւ առհասարակ սպորտով զբաղվել:

ՀՀՖ-ն շարունակու՞մ է համագործակցել ֆրանսաբնակ մեր հայրենակիցների հետ` հավաքական թիմերի կազմում հայկական ծագման խաղացողների ներգրավելով:

- Վերջին երկու տարիներին դադար է եղել, հավանաբար, ֆինանսական խնդիրների պատճառով, բայց այս տարի համագործակցությունը կվերականգնվի: Պետք է լուծել փաստաթղթերի հետ կապված հարցերը: Շատ ուժեղ հանդբոլիստներն այնտեղից չեն գա մեզ մոտ, քանի որ այդ դեպքում Ֆրանսիայի հավաքականի դռները նրանց համար կփակվեն: Մեզ միջին մակարդակի խաղացողներն էլ են բավարարում՝ հաշվի առնելով, թե որքան զարգացած է հանդբոլը Ֆրանսիայում:

Ինչպե՞ս են գործերը մարզչական կադրերի հետ:

- Դա մեր կարեւորագույն խնդիրներից է: Մեր մասնագետները տարիքն առնում են, իսկ բավարար քանակով երիտասարդ կադրեր չունենք: Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլեր` սեմինարներ ենք անցկացնում, արտերկրից հրավիրում մասնագետներ, բայց…: Մարզիչների աշխատանքը բարձր չի վարձատրվում: Չնայած նրանք եւս պետք է աճելու ցանկություն ունենան: Հորդորում ենք մարզիչներին անգլերեն սովորել, որպեսզի ուղարկենք նրանց արտերկրում վերապատրաստվելու: ՀՀՖ-ն, չնայած ոչ բարձր արդյունքներին, բավականին մեծ հեղինակություն ունի միջազգային ասպարեզում եւ կարող է մարզիչներին նման հնարավորություն ընձեռել: Սակայն նրանք դեռ չեն շտապում արձագանքել:

Հնարավո՞ր է, արդյոք, որ նորից ՀՀ վարչապետի Գավաթի միջազգային մրցաշար անցկացվի:

- Վերջին անգամ մրցաշարը 2013 թվականին է անցկացվել, տարածաշրջանում այն նախադեպը չուներ: Ֆինանսական բարդությունների պատճառով դադար եղավ, բայց շատ կցանկանայի, որպեսզի հաջորդ տարի ֆեդերացիան կարողանա նորից անցկացնել այս մրցաշարը, որը նպաստել էր երկրում հանդբոլի մասսայականացմանը:

Պաշտոնական առաջնություն անցկացնելու մասին եւս կարելի է մտածել, բայց դրա համար նվազագույնը միջազգային չափորոշիչներին համապատասխանող երկու մարզադահլիճ պետք է ունենալ: ՀՀՖ-ն մի քանի տարի առաջ խաղահրապարակի համար ժամանակակից հատակ բերեց Հայաստան: Եթե Շենգավիթի մարզադպրոցի դահլիճը վերանորոգվի, այն կկարողանանք այնտեղ տեղադրել: Մարզադահլիճը շատ մեծ է, եւ մյուս  հատվածում հնարավոր կլինի տրիբունաներ կառուցել, ինչը թույլ կտա բարձր մակարդակի մրցումներ անցկացնել:

Այլ նորություններ