Արտաշես Ներսիսյան. Սոնա Պողոսյանը առաջին մեդալը նվաճեց աշխարհի առաջնություններում

12:26 - 25 Հուն, 2017

Ծանրամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականներն այս գիշեր Տոկիոյից վերադարձան Երեւան: Կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը ՀԱՕԿ լրատվականին հայտնեց, որ գոհ է Սոնա Պողոսյանի եւ Արփինե Դալալյանի մասնակցությունից.

«Կիլոգրամների առումով ինչ սպասում էի, եղավ: Սոնան ուսի վնասվածք եւ նստաներվի բորբոքում ուներ: Բայց որոշակի ցավեր ունենալով՝ կարողացավ մեդալ նվաճել իր եւ հավաքականի համար: Դա Սոնայի առաջին մեդալն էր աշխարհի առաջնություններում:

Ինչ վերաբերում է Արփինե Դալալյանին, երեւում է, որ նա սկսել է աճել, մրցահարթակում հասունանալ: Տոկիոյում Արփինեն կայուն հանդես եկավ, անձնական արդյունքը բարելավեց 14 կգ-ով՝ զբաղեցնելով չորրորդ տեղն աշխարհում: Նա 18 տարեկան է եւ դեռ երկու տարի ունի այս տարիքային խմբում հանդես գալու համար», - ասաց  Արտաշես Ներսիսյանը:

Մարզիչը նաեւ ասաց, որ Սոնա Պողոսյանն ու Արփինե Դալալյանը հիմա սկսելու են նախապատրաստվել հոկտեմբերին կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

Այլ նորություններ